27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինծառայողի սպանության շարժառիթը վրեժխնդրությունն է եղել․ ՔԿ-ն հունվարի 9-ի միջադեպի վերաբերյալ  մանրամասներ է հայտնել

Զինծառայողի սպանության շարժառիթը վրեժխնդրությունն է եղել․ ՔԿ-ն հունվարի 9-ի միջադեպի վերաբերյալ  մանրամասներ է հայտնել

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել 2024 թվականի հունվարի 9-ին զինծառայողի սպանության հանգամանքների մասին՝ նշելով, որ շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը։

«Պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: