Լայնածավալ բարեփոխումնե՞ր, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանի ՊՆ-ն նիստ է անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օրերս հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարության ընդլայնված նիստ՝ օպերատիվ իրավիճակը վերլուծելու նպատակով: Մամուլի հաղորդագրության համաձայն` Հասանովը տվել է հանձնարարականներ՝ զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու և պատրաստ լինելու «ռևանշիստական ուժերի» կողմից հնարավոր սադրանքներին դիմակայելու համար:
Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը ABC media-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն ներքին ռազմական բարեփոխումների մաս են կազմում, այլև վկայում են արտաքին ճնշման և պատերազմի հավանականության մասին: Նրա խոսքով` վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական պատրաստվածությունը և ձեռք է բերում մահաբեր զենքերի մեծ պաշար:
«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ադրբեջանում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում անվտանգային ոլորտում, ինչը ներառում է ոչ միայն բանակը, այլև ներքին գործերի նախարարության և պետական սահմանապահ ծառայության հատուկ ստորաբաժանումների վերակազմակերպումը»,- ասաց Փոլադյանը` հավելելով, որ սա վկայում է այն մասին, որ նրանք ակտիվորեն պատրաստվում են հնարավոր ռազմական գործողությունների՝ միևնույն ժամանակ շարունակելով մեղադրել Հայաստանին՝ որպես սադրիչ կողմ:
Փոլադյանը շեշտեց, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը, օգտագործելով ագրեսիվ հռետորաբանություն, փորձում է արդարացնել իր ապագա ռազմական գործողությունները՝ մեղադրելով հայկական կողմին նախահարձակ գործողությունների նախապատրաստման մեջ:
«Ադրբեջանը ոչ միայն պատրաստվում է հնարավոր սադրանքների, այլև շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ հայտարարությունները, որոնց նպատակը Հայաստանի անվտանգությունը խարխլելն է»,- ավելացրեց նա:
Փոլադյանի խոսքով` ադրբեջանական բանակը ակտիվորեն ընդլայնում է իր զինատեսակների պաշարները, ներառյալ հեռահար հրթիռները և ԱԹՍ-ները, ինչը թույլ է տալիս նրանց վարել լայնածավալ կամ լոկալ գործողություններ՝ վտանգավոր հարևանություն ստեղծելով Հայաստանի համար:
«Հասանովի վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն բարեփոխումներ են իրականացնում, այլև պատրաստվում են հնարավոր ռազմական գործողությունների՝ փորձելով պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա՝ ստեղծելով սադրանքի պատրանք»,- հավելեց Փոլադյանը։
Ադրբեջանագետը նաև ընդգծեց, որ պաշտոնական Բաքվի ղեկավարությունը փորձում է խեղաթյուրել միջազգային իրավական նորմերը՝ ներկայացնելով իրենց գործողությունները որպես պաշտպանական, այն դեպքում, երբ իրականում նրանք ակտիվորեն նախապատրաստվում են նոր ագրեսիայի:
«Միջազգային հանրությունը հստակ տեղեկացված է, թե որ պետությունն է իրականում պատրաստվում նախահարձակ գործողություններին, և Ադրբեջանի այս հռետորաբանությունը նպատակ ունի կեղծել իրականությունը՝ վարկաբեկելով Հայաստանը»,- եզրափակեց ադրբեջանագետը։