27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը չի խոցի ռուսական հրթիռները Ուկրաինայում՝ ՌԴ-ի հետ պատերազմի վտանգի պատճառով.Politico

ԱՄՆ-ը չի խոցի ռուսական հրթիռները Ուկրաինայում՝ ՌԴ-ի հետ պատերազմի վտանգի պատճառով.Politico

Միացյալ Նահանգները չի ծրագրում կատարել Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռներ և անօդաչու սարքեր խոցելու Կիևի խնդրանքը՝ Մոսկվայի հետ միջուկային հակամարտության վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զայրացել էր, որ Միացյալ Նահանգները մասնակցում է Իսրայելի դեմ Իրանի հարձակումները հետ մղելուն, բայց միևնույն ժամանակ հրաժարվում է օգտագործել իր զինված ուժերը ռուսական հրթիռները ոչնչացնելու համար։ «Դժվար պատասխանը, որը կարող է ուկրաինացիներին դուր չգալ, Ռուսաստանի հետ շատ ավելի մեծ ռիսկ է պարունակում»,- հրատարակությանը բացատրել է Սենատի աղբյուրը: Ինչպես հավելել է Politico-ն, նմանատիպ տեսակետ են հայտնել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ։

Պարբերականը նաև նշել է, որ Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ են նավերի վրա տեղակայված ՀՕՊ համակարգեր։

Այնուամենայնիվ, տարածքով Իսրայելից զգալիորեն մեծ Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացնելու համար, Միացյալ Նահանգները ստիպված կլինի այնտեղ ուղարկել իր ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերն ու կործանիչները։ Նման միջոցները Ռուսաստանի զինված ուժերի հետ անմիջական բախման վտանգ են պարունակում, ինչից Սպիտակ տունը կցանկանար խուսափել, եզրակացնում է Politico-ն։