26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունը սակարկության է դրել մեր շարունակականության գլխավոր երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը. Աբրահամ Գասպարյան

Հայաստանի իշխանությունը սակարկության է դրել մեր շարունակականության գլխավոր երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը. Աբրահամ Գասպարյան

Հայաստան պետության դիվանագիտական խոսույթն սպառված է և այժմ սակարկության է դրված՝ հայկականության շարունակականության գլխավոր երաշխիքի՝ պետականության իրավաքաղաքական, արժեքային և բարոյագիտական փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը. այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում ունեցած իր ելույթում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:

«Ազգային-պետական գերակա շահերի հրամայականը չի կարող ստվերել հայ ժողովրդի և հայկական պետականության գոյութենական և քաղաքակրթական սպառնալիքների չեզոքացումը: Ցավոք, բանակցային բոլոր հարթակներում՝ արևմտյան, հյուսիսային, թե՝ թուրք-ադրբեջանական, Հայաստան պետության դիվանագիտական խոսույթն սպառված է»,-ասել է նա:

Գասպարյանի խոսքով՝ Հայաստանին պարտադրված հորիզոնական՝ թուրք-ադրբեջանական շրջափակմանը, հակահայկական թշնամական հռետորաբանությանը, տարածքային ակնհայտ նկրտումներին գումարվել է՝ պետության արտաքին ու անվտանգային վեցամյա քաղաքականության տապալումը, որի իրականացնողը՝ գործող վարչախումբն է՝ իր անհավասարակշիռ, արկածախնդիր և հանձնվողական սկզբունքայնությամբ:

«Գործող իշխանությունը շարունակում է հեգնանքով, սխալ ու անընդունելի մեկնություններով, ազգային-պետական շահերին հակադրվող մտացածին ու կեղծ թեզերով, անթաքույց ու բացահայտ վիրավորական պիտակավորումներով խոսել հայ ժողովրդի քաղաքական կազմակերպվածության ամենաբարձր նվաճման՝ պետության անկախության հռչակագրի մասին, ինչը խստորեն դատապարտելի է:

Հռչակագրի դրույթների, անկախության ու պետության անձնագրի՝ խորհրանիշերի՝ կամայական, խեղաթյուրված, արժեզուրկ և անբովանդակ մեկնաբանությունները, հայ ժողովրդի պատմությունը վերատեսության ենթարկելու սնանկ ու գաճաճ քայլերը, քննական մտածողության շղարշի ներքո՝ հայի ու Հայաստան գաղափարի արժեզրկման փորձերը՝ միայն ապականում են պետություն կառուցելու և զարգանալու գլխավոր պայմանը՝ հանրային համերաշխությունը»,-ասել է նա: