Զանգեր, տեսաձայնային ուղերձներ, ծանրոցների փոխանցում․ ինչպե՞ս է ԿԽՄԿ-ն կապ պահում Բաքվի գերիների և ընտանիքի անդամների միջև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնավոր դեպքերի համար մեկնաբանություն չի տալիս․ ABCmedia-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելուն։
«Պարբերաբար կարող ենք տեսնել տարբեր հրապարակումներ, ահազանգեր, որ կարող է գալ ընտանիքի անդամների կամ հատուկ կազմակերպությունների կողմից։ Բայց մեր պարագայում այլ է․ քանի որ ունենք այս անձանց տեսակցելու հնարավորություն և իրենց հարցերի շուրջ ծավալում ենք երկխոսություն իրենց համար պատասխանատու իշխանությունների հետ, այս հարցերը գտնվում են հստակ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում։ Մենք նույնիսկ անուններ չենք հրապարակում՝ հաշվի առնելով այդ անձանց պաշտպանության վերաբերյալ մեր պարտավորությունները»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է պարբերաբար տեսակցությունները Բաքվում պահվող գերիներին ամսական կտրվածքով։ Գերիներն առանձնազրույցներ են ունենում ընտանիքի անդամների, հարազատների հետ։ Նրանք հնարավորություն ունեն նաև տեսաձայնային ուղերձներ ստանալու։
«Զրույցների բովանդակությանը, առողջությանը, պահման պայմաններին վերաբերող տեղեկությունները, նկատառումները, մտահոգությունները, եթե լինում են, չենք հաղորդում հանրությանը, քանի որ դրանք միմիայն փոխանցվում են այն իշխանություններին, որոնք պատասխանատու են իրենց համար։ Այսինքն՝ պահող իշխանություններին»,-ասաց Ամատունին։
ԿԽՄԿ-ն պարբերաբար շարունակում է կապը գերեվարված անձանց ընտանիքի անդամների, հարազատների հետ։ ABCmedia-ն փորձել է Արցախի ռազմաքաղաքական և մյուս գերիների հարազատների հետ կապ հաստատել՝ իրենց զգացողությունների, ապրումների մասին տեղեկանալու, հանրությանը ներկայացնելու համար, ինչը, սակայն, դեռ չի հաջողվում։ Զառա Ամատունին փոխանցեց, որ նրանք բավականին ծանր շրջանում են։
«Թե ինչպես են վերապրում ամբողջ ընթացքը՝ մտածելով իրենց հարազատը մյուս կողմում է, կարծում եմ՝ պատկերացնում եք։ Սակայն այստեղ կարևոր է այն կապի հնարավորությունը, որը մեր կազմակերպությունը տալիս է, ստեղծում է»,-ասաց նա։
Ամատունին նշեց նաև, որ ընտանիքի անդամներին տրված է հնարավորություն ծանրոցներ ուղարկել Բաքվում պահվող գերիներին։ Դա իրենց սերը, հոգատարությունն ու կարոտը փոխանցելու հնարավորություն է։
Հիշեցնենք՝ նախորդ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքը երկարաձգելու մասին։
Տարածված տեղեկության համաձայն` երկարաձգվել էր Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետը։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի վերջին անդրբեջանցի սահմանապահները ապօրինի ձերբակալել են Արցախի 8 ռազմաքաղաքական ղեկավարներին։