23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը նախընտրում է անվտանգ խաղալ Բաքվի հետ՝ թույլ չտալու իր սահմաններին իսրայելական կամրջի ստեղծումը

Իրանը նախընտրում է անվտանգ խաղալ Բաքվի հետ՝ թույլ չտալու իր սահմաններին իսրայելական կամրջի ստեղծումը

Պարսից ծոցի մինի շրջագայությունից մեկ շաբաթ անց` hոկտեմբերի 18-ին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու տարածաշրջանային «3+3» ձևաչափի (այսպես կոչված՝ հարավկովկասյան վեցնյակի) աշխատանքներին։

Հարավկովկասյան վեցյակի հանդիպման ժամանակ Արաղչին բավականին մեծ ուշադրություն է դարձրել ադրբեջանցի գործընկերների հետ շփմանը, գրել է Regnum-ը։

Մասնավորապես, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանն արտգործնախարարը մի քանի անգամ կրկնել է այն թեզը, որ իրանական կողմը շահագրգռված չէ տարածաշրջանի ապակայունացմամբ՝ չմոռանալով, սակայն, նշելու «պատրաստվածության բարձր մակարդակը» հնարավոր ագրեսիան հետ մղելու համար։

Մուստաֆաևն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա իր տարածքից հարձակում գործել իր հարևանների վրա։ Ադրբեջանը երկու տասնամյակ անընդմեջ գործընկերային հարաբերություններ է կառուցում Իսրայելի հետ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում՝ ձգտելով հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Իսրայելի հետախուզական ծառայություններն իրենց համեմատաբար հանգիստ են զգում երկրում, ինչն իրանցիների մոտ անհանգստություն և զայրույթ է առաջացնում։

«Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն դեռ բավական հաջող կերպով հավասարակշռում է Անկարայի, Թել Ավիվի և Թեհրանի միջև, Իրանի ղեկավարությունը նախընտրում է անվտանգ խաղալ և թույլ չտալ իր սահմաններին իսրայելական կամրջի ստեղծումը։ Ավելին, 2024 թվականի օգոստոսի «Թեհրանի միջադեպից» հետո, երբ հեռացվեց ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, իրանցիների «Բաքվի ուղղության» վրա ուշադրությունը բազմապատկվեց», – գրել է կայքը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական օդանավակայանները Թել Ավիվը դիտարկել է որպես «ցատկելու կետ» Իրանի տարածքի վրա հարձակումների համար։ Այնուամենայնիվ, Թեհրանի «ակնթարթային պատժի» խոստումը տապալել է այդ նախապատրաստական աշխատանքները: Պաշտոնական Բաքվին նույնիսկ շտապ անհրաժեշտ էր հերքել մամուլում շրջանառվող լուրերը։

Ընդ որում՝ Գազայում տիրող իրավիճակի մասին խոսելիս կողմերը գրեթե չեն շոշափել մեկ այլ հրատապ թեմա՝ «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգը։ Թեհրանը մտահոգված է Անկարայի և Բաքվի կողմից այս նախագծի լոբբինգով` այն դիտարկելով որպես Հայաստանի և Իրանի միջև արհեստական հեռավորություն ստեղծելու միջոց:

«Սակայն Թեհրանի համար այժմ այնքան էլ ձեռնտու չէ նախագծի շուրջ նիզակները կոտրելը և դրանով իսկ փչացնել հարևանների հետ հարաբերությունները՝ մերկացնելով իր սահմանները», – եզրափակել է Regnum-ը։