22 Հոտ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀԿ ԳՄ-ն տարակուսելի է համարում այն, որ փաստաթուղթը անցկացվում է պայմանագրի վավերացման ընթացակարգով

ՀՀԿ ԳՄ-ն տարակուսելի է համարում այն, որ փաստաթուղթը անցկացվում է պայմանագրի վավերացման ընթացակարգով

ՀՀԿ  Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։ Այդ կանոնակարգի վավերացմամբ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։ Այդ խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որը ս․ թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Կատարելով վարչախմբի պատվերը, Սահմանադրական դատարանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բուն խնդրին՝ կանոնակարգի դրույթների համապատասխանությանը Սահմանադրությանը, կամայական մեկնաբանությունների միջոցով փաստացի փոխել է Հայաստանի Հանարպետության Սահմանադրության նախաբանը՝ դրանից հանելով մեր Սահմանադրության հիմքը հանդիսացող «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Վերացնելով Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, գործող վարչախումբը ընդառաջ է գնում արցախահայության կենսական իրավունքներից հրաժարվելու Ադրբեջանի պահանջներին։ Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով։

Սահմանադրական դատարանը որևէ կերպ չի գնահատել կանոնակարգի նախաբանում սահմանված սահմանազատման այսպես կոչված «հիմնարար սկզբունքը»՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, որը, ի հեճուկս «հիմնարար սկզբունք» հորջորջվելուն, նախաբանի հաջորդ իսկ նախադասությամբ կարող է փոփոխվել մեկ այլ «հիմնարար սկզբունքով»։ Ակնհայտ է, որ կանոնակարգի նախաբանի ձևակերպումների միջոցով Ադրբեջանը հող է նախապատրաստումԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները որպես սահմանազատման հիմք ընդունելուց հրաժարվելուն։

Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունենցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմաների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ․ հունվարի 22-ի Կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ․, քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացրել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը:

Եթե Հայաստանի կառավարության նպատակ է դրել որպես սահմանազատման հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը, ապա դրա համար իրավաբանական միակ վավերական հիմքը «Հայկական ԽՍՀ ևԱդրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է: Ի հեճուկս Հայաստանի կառավարիչների պնդումների, 1988 թ․հունվարի 12-ի արձանագրությունը լիովին հիմնված է եղել այն ժամանակ գործող խորհրդային երկու հանրապետությունների սահմանադրությունների վրա, որոնց համաձայն սահմանազատման համար իրավասու մարմինները հանդիսացել են այդ հանրապետությունների կառավարությունը, այլ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահությունը։ Այդ արձանագրությունը երկու հանրապետությունների Գերագույն խորհրդի նախագահությունների կողմից որևէ վավերացման կամ հաստատման կարիք չի ունեցել։ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը ևսահմանագծումը վերջնական են ևիրավաբանական ուժ ունեն:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ս․թ․ սեպտեմբերի 12-ի հայտարարությունում արդեն իսկ մատնանշել ենքկանոնակարգի 5-րդ հոդվածում ամրագրված հատվածական սահմանազատման լրջագույն վտանգները երկրի տարածքային ամբողջականության և անվտանգային համակարգերի համար։ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նաև այս խնդրին։ Այն, որ հատվածական սահմանազատումը միայն պոտենցիալ վտանգ չէ, փաստվում է նաև արդեն իսկ կատարվածով, երբ ս․ թ․ մայիսի 15-ի արձանագրության հիման վրա, ոտնահարելով Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների դրույթները, Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը այս փաստաթուղթը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։ Մենք մտավախություն ունենք, որ սույն կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, այն պարագայում, երբ այն ուղղակիորեն նախատեված չէ կանոնակարգով, ինչպես նաևՍահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկայի հետ կապ չունեցող հակասահմանադրական մեկնաբանություններընպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար»։