23 Հոտ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ էր խորհրդարանում կատարվածի շահառուն

Ո՞վ էր խորհրդարանում կատարվածի շահառուն

Շատ է խոսվել այն մասին, որ հայաստանյան իշխանական թիմում առկա են տարբեր տարաձայնություններ, որոնք միմյանց հետ բավական լուրջ խնդիրներ ունեն․ անընդհատ շեշտվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում առկա են հակադիր բևեռներ, որոնք, թեկուզ լուռ, բայց ինքնամոռաց պայքարում են միմյանց դեմ՝ փորձելով ուժեղացնել սեփական դիրքերն ու շահեկան կարգավիճակ ստանալ, ահա այդ խնդիրներն աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս։ Ստացվում է, որ այն կուռ թիմը, որով անընդհատ հպարտանում է Նիկոլ Փաշինյանը, ցույց է տալիս խորքային լուրջ ճաքեր, որոնք ավելի վաղ շրջանում այդքան վառ ընդգծված չէին։

Ըստ էության՝ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչը տևական ժամանակ փաստերով ասվում է նրանց մասին։ Մի բան է այդ մասին խոսելը, լրիվ այլ, երբ հրապարակավ դրան ականատես ենք դառնում։ Այս կերպ իշխանություններն աստիճանաբար ցույց են տալիս իրենց մերկությունն ու իրական դեմքը, թե ինչ արժեքային համակարգի կրողներ են, որ պետության ու հայրենիքի մասին իրենց ասածը ճառերն ընդամենը կենաց է, ուրիշ ոչինչ։ Ակնհայտ է, որ ներկայումս ՔՊ-ում ներկլանային «ռազբորկաներ» են, այսինքն՝ իշխանականներին իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ինչ-որ կերպ նեղացրել են, իսկ վերջիններս էլ փորձում են կեցվածք ցույց տալ։  Իշխանական տարբեր թիմեր մինյանց դեմ պայքարում, անգամ հոշոտում են փողերի ու ազդեցության ոլորտները խորացնելու նպատակով․ հավելենք, որ  նման գզվռտոցները բնորոշ են կոռումպացված իշխանություններին, որոնք որևէ բան չեն կարողանում միմյանց հետ կիսել։

Օրերս խորհրդարանում տեղի ունեցած դեպքը վերը նշված հակասությունների մի դրվագ էր, որն ունի խորը գնացող արմատներ։ Այսպիսով, իշխանությունները Փաշինյանի պարտադրանքով խորհրդարանում կազմակերպել էին հանցավորության դեմ պայքարի հետ կապված լսումներ․ ԱԺ-ում էին բոլոր իրավապահները, որոնք ներկայացրին երկրում գոյություն ունեցող օպերատիվ իրավիճակը։ Եթե կարճ՝ Ղազարյանի խոսքից ակնհայտ դարձավ, որ, մեղմ ասած, ՀՀ-ում կրիմինալ վիճակը սարսափելի է (առանձնապես ծանր հացագործությունները վերջին 5 տարում աճել են 58,8  տոկոսով)։ Ոլորտի պատասխանատուները, միմյանց հերթ չտալով, ԱԺ ամբիոնից  էին հանցագործությունների ու երկրի կրիմինալ վիճակի մասին բավական ողբերգական ու դաժան պատկեր, ինչից պարզ էր դառնում, որ ՀՀ կրիմինոլոգեն վիճակը կատաստրոֆիկ վատ է։ Իսկ պատկերն էլ ավելի ողբերգական է դառնում, քանի որ ոլորտի պատասխանատուները, փոխանակ իրենց խայտառակ կառավարումից ամոթից գլուխները կախեն ու հրաժարականի դիմում ներկայացնեն, հպարտ բարձրաձայնում են աճող հանցագործության երկնիշ ցուցանիշները։

Իր խոսքում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ պարեկային ծառայության ներդրումով շոշափելիորեն աճել է հանցագործությունների թիվը: Դրան զուգահեռ Հովիկ Աղազարյանը նշեց, թե կալանքը օգտագործվում է որպես ճնշման գործիք՝ ցուցմունք կորզելու համար: Սրանք հայտարարություներ են, որից հետո պիտի քաղաքական հետևություններ արվեր, սակայն ոչ միայն հետևություն չարվեց, այլև նույն Քյարամյանը ամբիոնից երրորդ հայտարարությունն արեց՝ ասելով, թե «զանգում, տարբեր բաներ եք խնդրում, հետո էլ խոսում եք հովանավորչությունից, կոռուպցիայի դեմ սե՞նց եք պայքարում»: Ասվածը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Հայաստանում կոռուպցիա չկա» հերթական մանիպուլյատիվ բլեֆն է, որն ուղղակի ասվում էր մարդկանց մոտ հերթական ծուռ հայելիների իրականություն ստեղծելու նպատակով։  Կամ նույն Հովիկ Աղազարյանը, ով մինչև 2018 թվականը 5 մլն դրամ հայտարարագիր չուներ, այսօր արհամարհական հայտարարում է, թե «300 հազար դոլար չէ, 200 հազար է»։

Խորհրդարանում տեղի ունեցածն ավելի շատ հանցագործ աշխարհի «սխոդկա» էր հիշեցնում, քանի պառլամենտական դիսկուրս։ Այսինքն՝ ի դեմս Աղազարյանի ու Քյարամյանի հնչեցրած թեզերի, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը դասական ավտորիտար ռեժիմ է, որտեղ ամեն բան ծառայում է իշխանական բուրգի քմահաճույքներն իրականացնելու նպատակով։ Տեղի ունեցածը փաստում է այն համապարփակ ճգնաժամի մասին, որում այսօր գտնվում է Հայաստանը։ Այն, ինչին ականատես դարձանք՝ ապտակ էր երկրի քաղաքական ղեկավարությանը, ավելին՝ կատարվածը սահմանադրական կարգի դեմ բացահայտ ոտնձգություն էր, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պահում են նման վարքագծով։

Ինչ վերաբերվում է Քյարամյանի հետագա ճակատագիրն ու պաշտոնավարմանը, ապա այն վերջնականապես պարզ դարձավ նախօրեին Հանրայինի եթերում տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ Պետրոս Ղազարյանն իր առաջին իսկ հարցադրմամբ, թե «ուժայինների մեջ կա քրեական ենթամշակույթի վարք ու բարք», խոսում է այն մասին, որ Փաշինյանը, իր տեսակին բնորոշ, ուրիշի ձեռքով փորձում է ազատվել իր համար անցանկալի անձանցից։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռացնում Քյարամյանին, ապա մեխանիկորեն կիսում է նրա գաղափարները, ինչը նշանակում է, որ այդ ամենը տեղի է ունեցել նրա հովանավորչությամբ, և չի բացառվում, որ տեղի ունեցածի թափանիվն ավելի արագ սկսի պտտվել։ Ի դեպ՝ բացառված չէ, որ Փաշինյանը կորցնի ներթիմային վերահսկողությունը և ականատես դառնանք պալատական հեղաշրջման։

Ի դեպ՝ երբ Քյարամյանը խորհրդարանում խոսում էր հովանավորչությունից, մյուսները՝ քրեական գործերը որպես մահակ օգտագործման մասին․ բոլոր դրվագներն էլ բացահայտ փաստեր են, ինչի մասին տարիներ շարունակ հայտարարվում է (տարբեր ընդդիմադիր գործիչներ կալանավորվում են, քրեական գործեր են «կարվում», բռնություն կիրառելու տասնյակ դրվագներ կան), իշխանություններն այս ամենին կամ անհոդաբաշխ պատասխաններ էին տալիս, կամ ուղղակի թեմայից խուսափում։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանն իր կողմից կատարվող օրինախախտումներին ու զանցանքներին մասնակից է դարձնում սեփական թիմակիցներին՝ այդ թվում պետական բոլոր կառույցները, քանի որ չի ցանկանում միայնակ պատասխանատվություն կրել կատարվածի համար և ամեն ինչ անում է, որ այդ ամենը լինի փոխկապակցված՝ հնարավոր «փախուստներից» խուսափելու համար։

Արմեն Հովասափյան