Աշխարհն այլևս կարգ չունի. քննարկում՝ Genesis Armenia-ում
Նախքան Արևմուտքին հղումներ տալը, մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է նշանակում Արևմուտք և ի՞նչ է պետք Արևմուտքից ու Արևմուտքին։ Արևմուտք ու Արևելք խոսքերը պետք չէ ուղղակի հնչեցնել՝ չհասկանալով տրամաբանությունն ու բովանդակությունը․ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկմանը ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Այսօր տարբեր խնդիրներ կան։ Այո՛, մենք վառոդով տակառի վրա ենք նստած և ոչ միայն մենք։ Ամբողջ աշխարհն է այդ վտանգի մեջ, որովհետև միջազգային կարգ չկա, պետք է լինի նոր կարգ՝ նոր սկզբունքներով։ Վերջերս շատ տարօրինակ խոսակցություն եղավ հրապարակային․ Ռիչարդ Մորի և Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավարի միջև․ առաջին աննախադեպ հայտարարությունն է հնչել, որ ասում են՝ աշխարհում կարգ չկա այլևս»,- ասել է Դանիելյանը։
Հակազդելով քաղաքագետի խոսքին՝ վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը նշել է, որ քանի դեռ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չունեն այլընտրանքներ, մի շարք երկրներ ձգտում են անդամակցել հենց այդ կառույցներին։
«Այդ երկրներն իրենց տնտեսական, անվտանգային առաջընթացը կապում են հենց այս ընկերություններում ներգրավվելով»,- ասել է Մելիքսեթյանը։
Դանիելյանը վրացագետից հետաքրքրվել է՝ արդյոք ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ի վիճակի՞ են որոշում կայացնել, թե՞ ոչ։ Նրա կարծիքով՝ եթե ի վիճակի չեն լինում, մի կոնսոլիդացված երկիր, օրինակ՝ ՌԴ, Չինաստան, Թուրքիա, ավելի էֆֆեկտիվ են գործում։
«ՆԱՏՕ-ի հետ կապված․ երբ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելու հարցն էր քննարկվում, ի՞նչ բարդություններով ընթացավ՝ Թուրքիայի ցանկություններով պայմանավորված։ Այսինքն՝ երբ իրավիճակը բարդանում է, երբ աշխարհը խառնվում է, առավել արդյունավետ են գործում առանձին պետությունները՝ հատկապես բռնապետական»,- ասել է Դանիելյանը։