26 Հոտ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել

«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել

Գյումրիի «Բալասանյան դաշինք» կուսակցության ցուցակում ընդգրկված ավագանու 5 անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացրել։ Նրանք են՝ Հովսեփ Մարտիրոսյան,ը Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը, Սուրեն Ջանոյանը։ Ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրել ինքնաբացարկի դիմումները քննարկելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիմումները ներկայացվել են նոտարական վավերացմամբ, իսկ դիմումատուները նիստին չեն ներկայացել։ Նշենք, որ ինքնաբացարկ ներկայացրածները չեն հանդիսանում ավագանու անդամներ։

«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում  չի ներկայացրել հանձնաժողովին,քանի որ երկրում չէ։

«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:

«Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների  մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի:

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում է։ Վարույթն, առնչվում է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի հարակից հողատարածքների օտարմանը, որոնք հողային օրենսգրքով օտարման ենթակա չէին։

Գործում ներգրավված են նաև  Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, ում ձերբակալել, հետո ազատ էին արձակել։ Իսկ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը և Բալասանյան ընտանիքի մտերիմներից Սիրեկան Մկոյանը 20-ական միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում են։

Սամվել Բալասանյանը հինգերորդ ներգրավված անձն է Գյումրիի «Սև բերդ» ամրոցին հարակից հողատարածքների օտարման գործով։ Արտերկրում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել: