Վրաստանի խորհրդարանական ընտրության արդյունքներն՝ ամփոփ
Վրաստանում կայացավ խորհրդարանական ընտրությունը։ Դրանց մասնակցել է 18 կուսակցություն։ «Վրացական երազանքը» ընտրատեղամասերի 99 տոկոսի հաշվարկից հետո ստացել է ձայների 54,2 տոկոսը։
Ինչպես և ակնկալվում էր ընդդիմությունը չի ճանաչել ընտրության արդյունքը և պատրաստվում է զանգվածային անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Վրաստանում տեղի ունեցած ընտրության արդունքների մասին՝ հերթով։
Նախ տեղամասերի փակվելուց րոպեներ անց իշխանությունն ու ընդդիմությունը միաժամանակ հայտարարեցին իրենց հաղթանակների մասին։ Երկու կողմն էլ վստահ էր, որ հաղթողն ինքն է։
Վրաստանի իշխող կուսակցությունն արտասահմանում խորհրդարանական ընտրություններում ստացել է 17,73 տոկոս՝ ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրատեղամասերի 74,6 տոկոսից։ Նշենք, որ «Վրացական երազանքը» արդեն 12 տարի է՝ հաղթում է խորհրդարանական ընտրությունն ու դառնում է իշխանություն։
Թեպետ այս քաղաքական ուժը հավաքել է ձայների մեծամասնությունը, սակայն նրան չի հաջողվի սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ըստ նախնական տվյալների՝ «Վրացական երազանքը» հավաքել է 54,2 % և կստանա 88 մանդատ, սակայն սահմանադրական մեծամասնություն լինելու համար անհրաժեշտ է առնվազն 113 մանդատ։
Հետևաբար «Վրացական երազանք» չի կարող իրականացնել սահմանադրության փոփոխություն և ընդդիմությանը հակասահմանադրական ճանաչել։ 88 մանդատը չի բավականացնի անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար, մինչդեռ Վրաստանի խորհրդարանն այդ գործընթացը սկսել էր դեռ մինչև ընտրություն։
Ընդդիմությունն էլ, որ ավելի վաղ հայտարարել էր իրենց հաղթանակի մասին, բոյկոտում է ընտրության արդյունքները։ Նրանք պատրաստվում են հոկտեմբերի 27-ից սկսել զանգվածային անհնազանդության ակցիներ, ժամի ու հավաքների վայրի մասին դեռ չեն հայտարարել։ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը, որ ընդդիմադիրներից ամենաշատ ձայներն է հավաքել, հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին սկսելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։ Ընտրատեղամասերի 72,36%-ի քվեաթերթիկները մշակելուց հետո նա ստացել է ձայների 9,85%-ը։
Վրաստանի Խորհրդարան անցած չորրորդ՝ «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը չի շտապում հայտարարել ընտրությունները չճանաչելու մասին։ Նրանք հայտարարել են քվեարկության գործընթացում բազմաթիվ խախտումների մասին և որոշել են նախ ապացույցները կիսել միջազգային դիտորդների և գործընկերների հետ: Ընտրատեղամասերի 72,36 տոկոսի քվեաթերթիկները մշակելուց հետո այս կուսակցությունը հավաքում է ձայների 8,22 տոկոսը։
Որոշ տեղական դիտորդական կազմակերպություններ ևս կպահանջեն չեղյալ համարել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քո ձայնը» հարթակի ներկայացուցիչ Լոնդա Տոլորայան։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների կամքը, կարծում է «Իմ ձայնը» հարթակը։
Ի պատասխան ընդդիմության նմանօրինակ հայտարարությունների, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է երկրում հեղաշրջում և հեղափոխություն կազմակերպելու՝ ընդդիմության անկարողության մասին։
«Երբ դուք հեղաշրջում եք անում, պետք է ունենաք հասարակության և ժողովրդի աջակցությունը։ Այսօր ընդդիմությունը՝ այս արմատական խմբավորումը, պարտություն է կրել»,- պարզաբանել է Կալաձեն։ Նա զգուշացրել է, որ ցանկացած անօրինական քայլի «կհետևի պետության կողմից խիստ կոշտ արձագանքը»։