22 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բազմաթիվ «քնած» հակամարտություններ տեղափոխվում են «թեժ» փուլ՝ վերածվելով տարածաշրջանային հակամարտությունների․ Տասմագամբետով

Բազմաթիվ «քնած» հակամարտություններ տեղափոխվում են «թեժ» փուլ՝ վերածվելով տարածաշրջանային հակամարտությունների․ Տասմագամբետով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ելույթ է ունեցել Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II համաժողովում։ Նրա խոսքով՝ աշխարհում տեղի են ունենում դրամատիկ փոփոխություններ։ Աճում են միջպետական խնդիրները ուժային ճանապարհով լուծելու պրակտիկան, միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի մերժումը։ Համաշխարհային կենտրոնների միջև վստահության ճգնաժամը հսկայական վնաս է հասցնում համաշխարհային անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու ունակությանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմավարական անկայունության պայմաններում՝ բազմաթիվ «քնած» հակամարտություններ տեղափոխվում են «թեժ» փուլ։ Ենթատարածաշրջանային խնդիրները վերածվում են տարածաշրջանային հակամարտությունների։ «Աշխարհում ռազմաքաղաքական լարվածության նկատվող աճի մեջ, ցավոք, ճգնաժամերի և հակամարտությունների հիմնական կիզակետը՝ թե՛ քանակով, թե՛ ինտենսիվությամբ, Եվրասիան է», – նշել է Տասմագամբետովը։ Նա հավելել է, որ ներկա փուլում դիվանագիտությունը հետին պլան է մղվում քաղաքական մտածողությունը։ Գերակշռում է անօրինական տնտեսական հարկադրանքի միջոցներով սեփական դիրքերը «առաջ մղելու» քաղաքականությունը։

Գիտական և տեխնոլոգիական առաջընթացը համապատասխան մարտահրավերներ է ստեղծում միջազգային կայունության համար, ինչպիսիք են ռազմական նպատակներով արհեստական ինտելեկտի արագորեն ընդլայնվող օգտագործումը, զանգվածային արտադրությունը և մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերի օգտագործման հստակ կանոնակարգման բացակայությունը, կիբեր սպառնալիքները և ռազմական տիեզերական գործողությունները:

«Գլոբալ անվտանգությանը սպառնացող բոլոր թվարկված սպառնալիքները պահանջում են իրենց համարժեք լուծումը։ Եվ այս պայմաններում անվտանգության ոլորտում առաջին պլան է մղվում իրավահավասար, փոխշահավետ միջազգային համագործակցությունը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։