28 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որտե՞ղ են ՌԴ-ն և Չինաստանը․ Իրանի պետականամետ ԶԼՄ-ները քննադատել են «ռազմավարական դաշնակիցներին»

Որտե՞ղ են ՌԴ-ն և Չինաստանը․ Իրանի պետականամետ ԶԼՄ-ները քննադատել են «ռազմավարական դաշնակիցներին»

Իրանի կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները քննադատել են Մոսկվային, որը հաճախ ներկայացվում է որպես Իրանի «ռազմավարական դաշնակից»՝ Իրանի վրա հոկտեմբերի 26-ին Իսրայելի օդային հարվածները անհապաղ և միանշանակ չդատապարտելու համար:

Բարեփոխական Shargh Daily պարբերականի մեկնաբանության մեջ նշվել է, որ Ռուսաստանի նման դերակատարի վրա հույս դնելը չի կարող առաջ տանել Իսլամական Հանրապետության ազգային շահերը կամ ապահովել նրա ազգային անվտանգությունը։

«Ռուսական շրջադարձը» վերնագրված մեկնաբանությունը նաև քննադատել է Մոսկվային այն բանի համար, որ նա աջակցում է ԱՄԷ-ի հավակնությանը Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ և Փոքր Թունբի և Աբու Մուսայի նկատմամբ, և Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Իրանին Ս-300 ՀՕՊ համակարգերի մատակարարման հետաձգումը ներկայացվել է որպես Մոսկվայի «ռազմավարական դաշնակցի» ձախողման վկայություն։

Ընդգծվել է, որ տարածաշրջանային և իսլամական շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, մի քանի ժամվա ընթացքում «ամենախիստ բառերով» դատապարտել են հարձակումը, սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր անց միայն «խորը մտահոգություն» է արտահայտվել շարունակվող պայթյունների առնչությամբ՝ չդատապարտելով հարվածները:

Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան գովաբանել է Իրանին «աննախադեպ զսպվածություն» ցուցաբերելու համար և նշել, որ Իսրայելի հարձակումը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքը, այլև ապակայունացնում է առանց այն էլ խիստ լարված իրավիճակը Արևմտյան Ասիայում:

Նեբենզյան նաև պնդել է, որ իսրայելական հարվածները «համակարգված են եղել ԱՄՆ-ի հետ» և հորդորել է Իսրայելին «ձեռնպահ մնալ Մերձավոր Արևելքում սադրիչ ռազմական գործողությունների պրակտիկայից», սակայն խուսափել է «դատապարտել» տերմինից, որը դիվանագիտական նշանակություն ունի։

«Որպես BRICS-ի առանցքային անդամներ, որոնց անդամ է նաև Իրանը, ակնկալվում էր, որ Ռուսաստանը և Չինաստանը պաշտոնապես կդատապարտեն հարձակումը մեր երկրի վրա՝ հաշվի առնելով Մոսկվայի և Պեկինի հետ Թեհրանի ռազմավարական հարաբերությունների մասին քարոզչությունը», – գրել է Ham-Mihan կայքը «Որտե՞ղ են Ռուսաստանը և Չինաստանը» հոդվածում։

Նշվել է, որ Պեկինին նույնպես երեք օր պահանջվեց զգուշավոր տոնով պաշտոնապես արձագանքելու համար: