26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետքարտուղար Բլինքենը չի մասնակցի Բաքվի COP29-ին

Պետքարտուղար Բլինքենը չի մասնակցի Բաքվի COP29-ին

Այս տարվա ՄԱԿ-ի կլիմայական COP 29 գագաթնաժողովում ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Պետքարտուղար Բլինքենը չի մեկնի Բաքու։

ԱՄՆ 20 գերատեսչությունների, գործակալությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ նոյեմբերի 11-22-ը կմեկնեն Բաքու, հայտնել է Պետդեպարտամենտը: Այս տարվա պատվիրակության կազմում չկան պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ադմինիստրատոր Սամանթա Փաուերը, ովքեր մասնակցել են COP 28-ին Դուբայում և COP 27-ին Եգիպտոսում:

Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հրապարակայնորեն մեղադրել է Պետդեպարտամենտին կոնգրեսականների անունից նամակ գրելու մեջ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար։

Հիշեցնենք, որ Պոդեստան փոխարինել է Ջոն Քերիին Բայդենի կլիմայական հարցերով բանագնացի պաշտոնում, սակայն նրա ռեզյումեի որոշ հատվածներ կասկածներ են առաջացնում: Նա հայտնի է դարձել որպես Բիլ Քլինթոնի աշխատակազմի ղեկավար: Այն բանից հետո, երբ Քլինթոնը լքել է պաշտոնը, նա իր եղբոր՝ Թոնիի հետ համահիմնել է Podesta Associates, Inc.-ը (այժմ՝ Podesta Group), որը BP-ին համարում է իր առաջատար հաճախորդների թվում: BP-ն, թերևս, Ադրբեջանի գլխավոր արևմտյան գործընկերն է և, ըստ երևույթին, լոբբինգ է անում Միացյալ

Թագավորության, եթե ոչ արևմտյան այլ կառավարությունների շրջանում՝ անտեսելու նախագահ Իլհամ Ալիևի ավելի ու ավելի անկանոն պահվածքը: