24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի քարոզչությունն առաջ տանող հեղինակը Euronews-ի հոդվածում ԵՄ-ին խորհուրդ է տվել «չխաբվել Ռուբեն Վարդանյանի մասին շքեղ PR-ին»

Ադրբեջանի քարոզչությունն առաջ տանող հեղինակը Euronews-ի հոդվածում ԵՄ-ին խորհուրդ է տվել «չխաբվել Ռուբեն Վարդանյանի մասին շքեղ PR-ին»

Ուկրաինական արմատներով, Բրիտանիայում ծնված քաղաքագետ Տարաս Կուզյոն, ով և բազմիցս աչքի է ընկել իր հակահայկական և ադրբեջանական շահերը պաշտպանող հայտարարություններով, հերթական հոդվածն է հրապարակել Euronews-ում՝ առաջ քաշելով ադրբեջանական քարոզչության թեզերն Արցախի նախկին պետնախարար, գործարար և այժմ ադրբեջանական բանտում գերեվարության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին։

Հեղինակը զուգահեռներ է անցկացրել Ռուբեն Վարդանյանի ու մոլդովացի գործարար Իլան Շորի միջև։«Երկուսն էլ հետխորհրդային օլիգարխներ են, ովքեր իրենց միլիարդները վաստակել են Կրեմլի հետ ունեցած կապերի միջոցով: Երկուսն էլ, տարբեր աստիճաններով, գտնվում են արևմտյան կառավարությունների կամ նրանց դաշնակիցների կողմից կիրառվող սահմանափակումների կամ պատժամիջոցների ներքո: Եվ երկուսն էլ ուղարկվել են Մոսկվայի կողմից՝ խմորելու անկարգությունները, և հետո իշխանությունը ստանձնելու՝ համապատասխանաբար Հայաստանում և Մոլդովայում, որպեսզի ցանկացած միջոցներով պահպանեն Ռուսաստանի ազդեցությունը Եվրասիայում», – գրել է Կուզյոն:

Նա, ադրբեջանական խոսույթին համապատասխան, Արցախն անվանել է «անօինական կերպով հայերով բնակեցված ադրբեջանական տարածք», ուր ՌԴ-ի կողմից ուղարկվել է Վարդանյանը՝ Հայաստանի եվրոպամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու համար։ Կուզյոն ադրբեջանական բանտում Վարդանյանի նկատմամբ խոշտանգումները ներկայացնում է որպես «կեղծ լուրեր» և «PR քայլ»։

Ըստ հոդվածագրի՝ Վարդանյանը մեղադրվում է էպիկական մասշտաբով փողերի՝ 4,6 միլիարդ դոլար լվացման համար։
Հոդվածագիրն, ապա ինքն է խոստովանում, որ իր իսկ գրած հոդվածը, մեղմ ասած, անաչառ չէ․ «Ես չեմ կարող անկախ լինել այս մարդու վերաբերյալ։ Որպես Մեծ Բրիտանիայում ծնված հպարտ ուկրաինացի հայրենասեր, ես չեմ կարող լինել այդպիսին, քանի որ նա Կրեմլի գործակալ է, ով աջակցում է ցեղասպան պատերազմին, որի նպատակը Ուկրաինան և ուկրաինական ինքնությունը ոչնչացնել է»:

Վերջում հեղինակը խորհուրդ է տվել ԵՄ-ին և գործընկերներին «չհավատալ թանկարժեք PR ընկերությունների աղմուկին, որոնց գործն է շեղել և թաքցնել ճշմարտությունը»։