Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ․ Ալիևը շնորհավորել է Թրամփին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։
«Ձեր առաջին նախագահական ժամկետում դուք մեծ ուշադրություն եք դարձրել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունների ամրապնդմանը, մեր համագործակցության մշտական և հետևողական զարգացմանը։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ այս ընթացքում մեր գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, ներառյալ համատեղ գործունեությունը մի շարք կարևոր ոլորտներում, հատկապես գլոբալ մարտահրավերների և ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, բնութագրվում էր դինամիկ և աճող զարգացմամբ։ Ես կցանկանայի հատկապես նշել ձեր շարունակական ուժեղ աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը», – նշել է Ալիևը՝ շեշտելով, որ Բաքուն հանձնառու է հետագայում ընդլայնելու և խորացնելու երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, առևտրային, անվտանգության, էներգետիկ և այլ ոլորտներ:
«Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու ադրբեջանա-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և խթանելու մեր գործընկերությունը՝ հիմնված մեր երկրների ազգային շահերի վրա՝ ներառյալ ազգային անվտանգության շահերը», – նշել է Ալիևը։