26 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի քաղաքագետը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման ՌԴ հետախուզական ծառայությունների հետ գործակցելու համար

Ադրբեջանցի քաղաքագետը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման ՌԴ հետախուզական ծառայությունների հետ գործակցելու համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դավաճանության մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտել քաղաքագետ Նազաքեթ Մամեդովային։

«Մամեդովան մեղավոր է ճանաչվել ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ նա գաղտնի գործունեություն է ծավալել «քաղաքագետի» և «լրագրողի» անվան տակ։ Ն. Մամեդովան վարել է YouTube-ի Alfa TV ալիքը, որը բացահայտ հրապարակել է ռուսամետ նյութեր։ Մեղադրական եզրակացության մեջ նրա գործունեության մաս է նշվում այս ալիքի ստեղծումը, հարցազրույցների կազմակերպումը և այլ նյութերի տարածումը»,- նշվել է հրապարակման մեջ։

Քրեական գործի նյութերը նաև պնդում են, որ կինը հաճախ է մեկնել Մոսկվա, «մասնակցել է գաղտնի հանդիպումների և դրամական փոխանցումներ ստացել իր գործունեության համար», «կապեր է հաստատել այլ անձանց և ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև»։

Ինքը՝ Նազաքեթ Մամեդովան, հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա նշել է, որ Մոսկվա է մեկնել հիմնականում կոնֆերանսներին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ ստացված գումարը եղել է վճարներ և ճանապարհածախս այս գործունեության համար։

«Եթե ուզենայի թաքուն գումար ստանալ, կբերեի կանխիկի տեսքով։ Ես չէի ուզում, որ նախկին ամուսինս իմանա իմ եկամուտների մասին, ուստի՝ ես գումար ստացել եմ ուրիշների անուններով», – հայտարարել է նա:

Նազաքեթ Մամեդովան Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է 2023 թվականի հոկտեմբերին։