Փաշինյանի վաղեմի ընկերները կարող են ընդգծված վերաբերմունք պահանջել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում․ Զատուլին
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական միությունից (ԵԱՏՄ)․ կարծում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ Եվրասիական միությանն անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին, և այն տնտեսական աճի հիմնական գործոնն է, որը Հայաստանը ցույց է տվել վերջին շրջանում՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության դժվարությունների, պատժամիջոցների և այլ խնդիրների հաշվին։ «Սակայն ես չեմ բացառում, որ ուշ թե շուտ պարոն Փաշինյանի նոր ընկերները, ավելի ճիշտ՝ նրա վաղեմի արևմտյան ընկերները, կարող են նրանից պահանջել ցույց տալ ընդգծված վերաբերմունք այս հարցում», – նշել է Զատուլինը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ցանկանում է նվազագույնի հասցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ ապագայում ընդհանրապես դուրս գալ դրանից։
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և, փաստորեն, դադարեցրել է անդամակցությունը։ Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում կարող է հարց առաջանալ Գյումրիում ռուսական ռազմակայանի ճակատագրի մասին։ Ավելին՝ Փաշինյանը, չլինելով վարչապետ, ակտիվորեն քարոզում էր, որ ռուս զինվորականները հեռանան Հայաստանից», – հավելել է պատգամավորը։