28 Դեկ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պետք է օգտագործի COP29-ն՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին․ կոնգրեսականների նամակը Բլինքենին

ԱՄՆ-ն պետք է օգտագործի COP29-ն՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին․ կոնգրեսականների նամակը Բլինքենին

Կոնգրեսական Բրայան Սթեյլը, սենատորներ Ռոջեր Ուիկերը և Ջոն Քորնինը ԱՄՆ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով առաջնահերթություն տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի՝ COP29-ի ժամանակ:

«Մենք գրում ենք՝ մտահոգություն հայտնելու 2024 թվականին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովին (COP29) ԱՄՆ մասնակցության վերաբերյալ: Համաժողովը նշանակալի հարթակ է բազմակողմ դիվանագիտության համար, սակայն մենք չպետք է անտեսենք տարածաշրջանային համատեքստը, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները: ԱՄՆ-ի մասնակցությունը COP29-ին հնարավորություն է ընձեռում առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության պատմական նպատակը, և մենք կոչ ենք անում ձեզ առաջնահերթություն տալ այս նպատակին՝ համաժողովում ԱՄՆ բարձր մակարդակի ներգրավվածության արժանիքները կշռադատելիս:

Անցյալ տարվա վերջից Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ են սկսել վարել Խորհրդային Միության փլուզումից բխող տասնամյակների ռազմական գործողություններին վերջ տալու համար: Երկու կողմերն էլ գովելի քայլեր են ձեռնարկել խաղաղության ուղղությամբ՝ ներառյալ սահմանազատումը և ամենաբարձր մակարդակով շարունակական ներգրավվածությունը: Դժբախտաբար, քննարկումները, կարծես, փակուղի են մտել: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը բարեփոխի իր Սահմանադրությունը՝ որպես ցանկացած խաղաղ համաձայնագրի նախապայման։

Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում ընտրել իր Սահմանադրությունը փոփոխելու տարբերակը, սակայն նման փոփոխությունների գործընթացը դժվար կլինի: Այս պահանջը սպառնում է հետաձգել խաղաղության համաձայնագիրը և վտանգում է կորցնել արդեն իսկ ձեռք բերված առաջընթացը»։

Նամակում նշվել է, որ հյուրընկալելով COP29-ը՝ Ադրբեջանը մտադիր է ցույց տալ, որ ինքը համաշխարհային հանրության պատասխանատու անդամ է։ Միջազգային ֆորումի անցկացումը կարող է դիտվել որպես դիվանագիտության լավ ժեստ, սակայն Ադրբեջանը ավելին անելու հնարավորություն ունի: Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է զարգացնել միջազգային համագործակցությունը, ապա դա պետք է ցույց տա Հայաստանի հետ խաղաղություն: «Այդ նպատակով մենք հարգանքով խնդրում ենք հետևյալ հարցերի պատասխանները.

1. Ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու COP29-ում ԱՄՆ պատվիրակությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին:

2. Ինչպե՞ս կարող է Պետքարտուղարությունըը լավագույնս աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին մինչև COP29-ի սկիզբը:

3. Ինչպե՞ս կփոխվի ԱՄՆ-ի մասնակցությունը COP29-ին, եթե Ադրբեջանը բովանդակալից քայլեր չձեռնարկի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար մինչև համաժողովի մեկնարկը:

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը կարող է օգնել աննախադեպ բարգավաճում բերել երկու երկրներին և ավելի լայն կովկասյան տարածաշրջանին: Մենք անհամբեր սպասում ենք ձեր ժամանակին արձագանքին այս հարցում և կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու համար, որ COP29-ին ԱՄՆ մասնակցությամբ առաջնահերթությունների թվում լինի Հարավային Կովկասում խաղաղությունը», – գրել են սենատորները։