ՀՀ-ն Արևմուտքի կողմից կարող է դիտվել որպես օդանավակայան՝ վայրէջքների համար, ոչ թե որպես անկախ խաղացող. փորձագետ
Հայաստանի իշխող վերնախավը նպատակ ունի ֆինանսական օգուտներ քաղելու արևմտյան հովանավորներից՝ չնայած հայկական պետության համար ցավալի հետևանքներին, և Ամերիկայի նոր նախագահը կաջակցի այս նախագծին միայն Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի և Երևանի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով․ նշել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, ռազմական փորձագետ Վլադիմիր Երանոսյանը Regnum գործակալության հետ զրույցում։
«ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի համար՝ որպես խոշոր բիզնեսի բարձր դերակատար, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել միայն Իրանին հարող տարածաշրջանի տեսանկյունից։ Թրամփը, հաշվի առնելով իր հարաբերությունները իսրայելական լոբբիի հետ, կուժեղացնի ճնշումը Թեհրանի վրա, հետևաբար՝ պետքարտուղարության հետաքրքրությունը կփոքրանա Հայաստանի նկատմամբ։ Այն Արևմուտքի կողմից կարող է դիտվել որպես օդանավակայան վայրէջքների համար, այլ ոչ թե՝ որպես անկախ խաղացող»,- վստահ է փորձագետը։
Մասնագետի խոսքով՝ Երևանը կարող է որոշակի քանակությամբ սպառազինություն, ինչպես նաև գումար ստանալ ավիացիոն ենթակառուցվածքի արդիականացման համար, ինչն անմիջապես կնկատվի Իրանում։ Նման սցենարի դեպքում՝ Հայաստանն անմիջապես կկորցնի իր հիմնական տարածաշրջանային դաշնակցին․ պարզաբանել է փորձագետը՝ հիշեցնելով, որ Թեհրանը նախկինում տարաձայնություններ է ունեցել Երևանի հետ։