Բրենդ ստեղծելու նպատակով Ադրբեջանում անցկացող COP-ը կարող է գլոբալ հետևանքներ ունենալ. RFE/RL
Ադրբեջանը պատրաստվում է ընդունել կլիմայական գլոբալ գագաթնաժողովը՝ COP 29- ը: Երկիրն այժմ ուշադրության կենտրոնում է: Սակայն ինչպես հաճախ է պատահում, երբ նավթով հարուստ, ավտորիտար այս պետությունում տեղի է ունենում բարձր մակարդակի միջազգային իրադարձություն, հրապարակայնության մեծ մասը բացասական է, գրել է RFE/RL-ն: Ինչպես նշվել է, Բաքուն, անկասկած, ակնկալում էր, որ քննադատության կարժանանա Amnesty International և Human Rights Watch (HRW)միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ, քննադատությունը նաև սրվել է բիզնես և ֆինանսական շրջանակներում:
Financial Times-ը և The Economist-ը նրան մեղադրում են COP-ը ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի հեղինակությունը «լվանալու» և մարդու իրավունքների վատ վիճակից ու այլ թերություններից ուշադրությունը շեղելու համար:
Երկիրը երկար ժամանակ է, ինչ դիտում է լայնածավալ միջոցառումների անցկացումը որպես դեպի միջազգային հեղինակություն տանող ճանապարհ։ Պրահայի Չարլզի համալսարանի հանրային քաղաքականության վերլուծաբան Նաջմին Քամիլսոյը կարծում է, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է «բրենդ ստեղծելու նպատակով» հյուրընկալել նման միջոցառումներ։
Միևնույն ժամանակ՝ «Կառավարությունը շատ զգայուն է միջոցառմանն ընդառաջ միջազգային լրատվամիջոցների բացասական ուշադրության նկատմամբ։
«Չեմ կարծում, որ կառավարությունը լիովին տեղյակ էր, որ COP-ը Ֆորմուլա 1 կամ Եվրատեսիլ չէ, որ այն գլոբալ հետևանքներ ունի», – նշել է ադրբեջանցի լրագրող և բրիտանական Chatham վերլուծական կենտրոնի նոր զեկույցի համահեղինակ Արզու Գեյբուլան:
COP29-ի ադրբեջանցի կազմակերպիչները 4,7 միլիոն դոլար են վճարում Teneo PR ընկերությանը՝ միջոցառման գովազդը կառավարելու համար: ԱՄՆ Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի համաձայն Teneo-ի ներկայացումը ցույց է տալիս մամուլին դիմելու հարյուրավոր փորձեր՝ հստակ շեշտադրումով հիմնական անգլիալեզու լրատվամիջոցների վրա:
Համաժողովի վերաբերյալ կազմակերպիչների հիմնական թեզերից մեկն այն է, որ այն նվիրված է լինելու «խաղաղությանը»: Նրանք առաջ են քաշել «COP զինադադարի» գաղափարը՝ կոչ անելով պատերազմող կողմերին ամբողջ աշխարհում դադարեցնել մարտերը միջոցառման ընթացքում: Chatham House-ն այդ գաղափարը անվանել է «անհամապատասխան» և «անհավանական»՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումը և հարևան Հայաստանի վրա նրա շարունակական ճնշումը: Բացասական հրապարակումների դեմ իրենց հակահարվածում ադրբեջանական պաշտոնյաները և կառավարամետ լրատվամիջոցները հիմնվել են լավ կայացած խաղաքարտի վրա՝ ներառյալ դրա մեղքը համաշխարհային հայկական լոբբիի վրա բարդելը: