26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով՝ «մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առևտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում», – գրում է ամերիկյան պարբերականը, մանրամասնելով՝ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առջև է կանգնեցնում։

Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրում է՝ «այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։

«Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», – ասել է դեսպանը։

Մեհդի Սոբհանին, միաժամանակ, խուսափել է հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի։ «Դա տեղի չի ունենա», – ասել է նա։