Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչների հետ․ ներկա է եղել նաև ՀՀ դեսպանը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի, ինչպես նաև դեսպանների և կազմակերպության մշտական ներկայացուցիչների հետ։ Նրանք քննարկել են բազմակողմ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանն ընդառաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում։
Ինչպես հաղորդվում է, մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ։
Հարկ է նշել, որ ՌԴ ԱԳՆ հրապարակած լուսանկաից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն, իր հերթին, ևս հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ հարցեր և դրա զարգացման հեռանկարները»,- նշվել է գերատեսչության հաղորդագրության մեջ։