Միլիոնների հասնող վնաս ու ոչ մի փոխհատուցում․ ի՞նչ է կատարվել Գողթանիկում
Վայոց Ձորի Գողթանիկ գյուղում այս տարվա հորդառատ անձրևներից անցել է 4 ամիս, սակայն բնակիչները չեն ստացել իրենց կրած նյութական վնասների փոխհատուցումը։ ABC media-ն դեռ ամիսներ առաջ էր տեղեկացրել, որ գյուղացիները միլիոնների հասնող վնաս են կրել։
«Ամեն ինչ սելավից հետո եղավ, փրկարար ծառայության և ոստիկանության տղաները, նաև մարզպետարանի հանձնաժողովը տեղում 3,9 միլիոն դրամ են գնահատել վնասը։ Չորս ամիս է անցել, բայց դեռ ոչինչ չեն արել, ասել են՝ ուղարկել ենք Կառավարություն, սպասում ենք»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Գողթանիկի բնակիչ Արմեն Հարությունյանը։
Նրան մարզպետարանից վստահեցրել են, որ փոխհատուցում անպայման կլինի, բայց հստակ ժամանակահատված չեն նշել։
Ավելի վաղ ABC media-ի հետ զրույցում Կառավարության լրատվականից նշել էին, որ ՀՀ Կառավարությունը չունի փոխհատուցման ծրագիր, Կառավարությունն ինքն է որոշում՝ որ դեպքում փոխհատուցել, որ դեպքում՝ ոչ։
Գողթանիկի բնակիչներից Հովհաննես Մարտիրոսյանը ևս վնասներ է կրել, ասում է՝ մոտ 1,5 միլիոն դրամի։ Իրեն ևս փոխհատուցում են խոստացել, բայց դեռ նորություն չկա։
«Կխնդրեմ, որ մեր կոչը լսեն ու տրամադրեն մեր փոխհատուցումը, գյուղացի մարդ ենք, մենք դրանով ենք ապրում, մեր եկամուտը դա է»,-ասել է նա։