Ըստ իրավապաշտպան խմբերի՝ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է COP29-ը բնապահպանական ակտիվիստներին և այլ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար, գրել է BBC-ին։
Climate Action Network-ից, որը բաղկացած է մոտ 2000 կլիմայական խմբերից, BBC News-ին հայտնել են, որ քաղաքացիական հասարակության պաշտպանությունը շատ կարևոր է, եթե երկրները ցանկանում են առաջընթաց տեսնել կլիմայի փոփոխության հարցում:
«Amnesty International»-ից Նատալյա Նոզաձեն գործակալության հետ զրույցում նշել է, որ այն պահից, երբ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը հայտարարվեց որպես COP29-ի հյուրընկալող երկիր, ավելի դժվար է դարձել ընդդիմանալ կառավարությանը:
Լոնդոնի LSE համալսարանի 53-ամյա պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն ուսումնասիրում է Ադրբեջանի նավթի և գազի ոլորտները և բնապահպանական խնդիրները, սակայն 2023 թվականի ամռանը նա ձերբակալվել է խարդախության մեղադրանքով։ «Կարծում եմ՝ դա ավտորիտար կառավարության կանոններից մեկն է՝ ձերբակալել, կալանավորել այն մարդկանց, ովքեր կարող են ազդել կարծիքի վրա», – BBC-ին տված հարցազրույցում նշել է Իբադօղլուն: Նրա խոսքով՝ առողջական պատճառներով իր կյանքին վտանգ է սպառնում։
«COP29-ը, որը նախատեսված էր բաց և ընդգրկուն հարթակ հանդիսանալու կլիմայական գործողությունների համար, ձևավորվում է ոչ միայն», – նշել է ևս մեկ ձերբակալված ակտիվիստ Անար Մամեդլիի մտերիմ ընկեր Բաշիր Սուլեյմանլին:
«Քաղաքացիական հասարակության խմբերը, որոնք պետք է վճռորոշ դեր խաղան կառավարություններին պատասխանատվության ենթարկելու հարցում, դուրս են մղվել կամ ճնշվել», – նշել է նա։
«Կարծում եմ՝ մեծ սխալ է այն երկրների համար, ինչպիսիք են Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Եգիպտոսը, որոնք սիստեմատիկ կերպով խախտում են մարդու իրավունքները, ընդունվեն որպես իրավասու ընդունող երկրներ», – կարծում է ադրբեջանցի լրագրող և բնապահպան Էմին Հուսեյնովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP29-ը դիտարկում է որպես եզակի հնարավորություն՝ սպիտակեցնելու և կանաչապատելու իրեն՝ «իր թունավոր կերպարը»։
IPI (միջազգային մամուլի ինստիտուտ) գլոբալ ցանցը ևս տագնապած է Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներով, որոնց վերջին մասշտաբները անհանգստացնող են նույնիսկ երկրի մռայլ քաղաքական իրականության համատեքստում: Այս բռնաճնշումների ինտենսիվությունը և լրագրողների նկատմամբ բռնության անպատժելիությունն առավել ցայտուն է դառնում, քանի որ Բաքվում շարունակվում է COP29 կլիմայի գլոբալ համաժողովը: IPI-ի ժամանակավոր գործադիր տնօրեն Սքոթ Գրիֆենը նշել է․ «Միացյալ Նահանգները, ԵՄ անդամ երկրները և բոլոր մյուս երկրները, որոնք ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի անդամ են, պետք է առնվազն օգտագործեն այս հնարավորությունը՝ ի պաշտպանություն երկրում անկախ լրագրողների և լրատվամիջոցների»: