18 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերիների վերադարձի խոչընդոտը ՔՊ-ական իշխանությունն է․ Աղվան Վարդանյան

Գերիների վերադարձի խոչընդոտը ՔՊ-ական իշխանությունն է․ Աղվան Վարդանյան

ՔՊ-ի չքվեարկելը գերիների մասին ԱԺ հայտարարության ընդդիմության նախագծին՝ Ալիևից վախենալու հերթական դրսևորումն է. ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորը նշել է, որ Արցախի ռազմաքաղաքական գերիներին Նիկոլ Փաշինյանը գործընկեր է համարել, հաց է կիսել նրանց հետ ու իր բնույթի համաձայն՝ դավաճանել։

«Նիկոլի կամակատար, արժանապատվությունից զուրկ քպ-ականները՝ նույնպես։ Մեր գերիների վերադարձի խոչընդոտը սրանք են»,-ասել է նա։

Վարդանյանն անդրադարձել է նաև Կառավարության նոր որոշմանը, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ Հայաստանում ընտրություններ չեն լինելու․ Ձայների հաշվարկման ընթացքում մինչև արդյունքների հաշվարկման ամփոփումը, եթե ռազմական կամ արտակարգ իրավիճակ հայտարարվի՝ ընտրությունը չեղարկվում է։

«Ոչինչ որ միջազգային փորձը նման կարգավորում չգիտի, ողբերգությունն այլ է․ Նիկոլը սա անում է, որ իր համար անցանկալի իրավիճակում, Ալիևի միջամտությամբ, կարողանա ընտրությունը չեղարկել։ Երկրի՝ նման սոցիալհոգեբանական ղեկավար ունենալն է ամոթ ու խայտառակություն»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Անկախության հռչակագրի մասին ԱԺ-ից կատարած վերջին հայտարարությունը դուր չի եկել Վարդանյանին։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե Անկախության հռչակագիրը Հայաստանի չգոյության սիմվոլներից է։

«Մի քանի տասնյակ երկրներ անկախության հռչակագիր ունեն։ Պատկերացրեք, որ այս նախադասությունն ասում է ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի կամ այլ երկրի ղեկավարը, այս բոլոր երկրներն ունեն անկախության հռչակագիր։ Ինչու՞ է ասում այս նախադասությունը․ պարզ պատճառով՝ մեր անկախության հռչակագիրը խանգարում է Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ սրա իշխանության մնալը այսօր ձեռնտու է նույն Թուրքիային ու Ադրբեջանին։ Ինքնիշխանություն բառի բացատրությունն, ըստ քպ-ականների՝ իրենց մենիշխանությունն է, իսկ կամավորը՝ մարդ է, ով պետբյուջեից շոշափելի փոխհատուցում է ստանում։ Փոխհատուցում ստացողը կամավոր չէ, վարձու աշխատող է՝ ինչպես Պետրոս Ղազարյանը»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը։