31 Հուն
2025
3.3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ի համաձայնագրի տեքստը չարագուշակ է և ոտնահարում է մարդու իրավունքները

COP29-ի համաձայնագրի տեքստը չարագուշակ է և ոտնահարում է մարդու իրավունքները

Արձագանքելով Բաքվում COP29-ի որոշումների նախագծերի մի քանի տեքստերի հրապարակմանը՝ Amnesty International-ի կլիմայական արդարադատության հարցերով խորհրդական Էնն Հարիսոնը հայտարարել է, որ COP29-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը կլիմայի փոփոխության առաջնագծում գտնվող երկրներին և համայնքներին ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրի ապահովումն էր: Կլիմայի ֆինանսավորման նոր նպատակի վերաբերյալ տեքստի նախագիծը, որը հրապարակվել է միայն գագաթնաժողովի նախավերջին օրը, չարագուշակ նշան է, որ Բաքվում երկարատև բանակցությունները կարող են չհասցնել այս կարևոր նպատակին: Նույնիսկ այս ուշ փուլում տեքստը չի սահմանում կլիմայի ֆինանսավորման տարեկան նվազագույն թիրախը, և այն նաև թույլ է տալիս վարկեր տրամադրել, որոնք ցածր եկամուտ ունեցող երկրներին պարտքային ճգնաժամի խորացման վտանգի տակ են դնում: Դա ոտնձգություն է մարդու իրավունքների նկատմամբ։

«COP29-ում առաջնագծում գտնվող համայնքների ներկայացուցիչները պատմում են տեղահանության, սննդի անապահովության, օդի աղտոտվածության և անհետացող ափամերձ գծերի մասին: Մինչ այժմ բարձր եկամուտ ունեցող երկրների արձագանքը ամոթալիորեն ոչ համարժեք է եղել: Մենք կրկնում ենք մեր կոչը բարձր եկամուտ ունեցող երկրներին պարտավորվել տարեկան տրամադրել առնվազն 1 տրիլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհին համարժեք ֆինանսավորում: Նրանք պարտավոր են օգնել ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներին հարմարվելու կլիմայի փոփոխության վնասակար հետևանքներին, վերականգնելու անխուսափելի վնասներից և տնտեսության մեջ արդար անցումներ կատարել հանածո վառելիքներից», – հայտարարել է Հարիսոնը:

Amnesty International-ը նաև անդրադարձել է գենդերային և կլիմայի փոփոխության վերաբերյալ տեքստերի նախագծին։ Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել պետություններին ապահովել, որ կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանելու նախկինում համաձայնեցված պարտավորությունները պահպանվեն։