25 Նոյ
2024
12.5° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա․ Կոպիրկին

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա․ Կոպիրկին

Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառնահամի»։ Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- նշել է դեսպանը։

Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման հարցերի մասին՝ Կոպիրկինը նշել է, որ ՌԴ-ն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, որի գաղափարն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ և կրկին բարձրաձայնել վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ», – նշել է դեսպանը։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է հոկտեմբերի 24-ին Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումները, որոնք «հնարավորություն տվեցին օգտակար խթան հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»։