Ինչո՞ւ և ինչպե՞ս կորցրինք Նախիջևանը․ պատմական հայրենիքի կորուստը (մաս 1-ին)
Լինելով Հայաստանի հինավուրց պատմական շրջաններից մեկը՝ այսօր Նախիջևանը քաղաքական առումով Ադրբեջանի Հանրապետության էքսկլավն է: Աքսիոմ է, որ երկրամասի պատմությունը հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է՝ սկսած հնագույն ժամանակներից: Նույնիսկ հեթանոսության ժամանակ Նախիջևանի Գողթն գավառը հայտնի էր զարգացած բանահյուսությամբ, իսկ գրերի գյուտից հետո Նախիջևանում մեծ գործունեություն ծավալեց Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ:
Պատմական հայրենիքի այս նշխարի, նրա զարգացման, բարգավաճման, ապա, ցավոք, անկման, կորստի մասին զրուցել ենք պատմաբան, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի փորձագետ Արմեն Սարգսյանի հետ։
-Պարոն Սարգսյան, ե՞րբ է Նախիջևանն առաջին անգամ գրավվել թշնամու կողմից։
-Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» համաձայն՝ Նախիջևանի երկրամասը, բաղկացած լինելով հինգ գավառներից՝ Գողթան, Երնջակ, Ճահուկ, Նախիջևան, Շարուր, պատմական տարբեր ժամանակներում բաժանված էր Սյունիքի, Այրարատի և Վասպուրականի միջև: 698 թվականին Նախիջևանը նվաճվեց Արաբական խալիֆայության կողմից և ենթարկվեց ծանր հալածանքների: 705 թվականին արաբները, խաբելով հարյուրավոր հայ ապստամբ իշխանների, հավատարմության երդում տալու պատրվակով հավաքեցին Նախիջևանի և Խրամի եկեղեցիներում և ողջակիզեցին նրանց: 705 թվականը Հայոց պատմության մեջ հայտնի է որպես «կրակի տարի»։
-Հաջողվե՞ց հետո ազատագրել Նախիջևանը։
-Այո, 9-րդ դարի վերջին Նախիջևանն ազատագրվեց արաբների լծից և նորից վերադարձվեց Հայաստանին՝ ներառվելով Բագրատունիների թագավորության կազմում:
-Նախիջևանի համար ինչպիսի՞ ժամանակներ եկան ազատագրումից հետո։
-Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում վերածնունդ է ապրում Նախիջևանի երկրամասը. կառուցվում են ճանապարհներ, կամուրջներ, եկեղեցիներ, վերելք էր ապրում նաև տնտեսական և հոգևոր կյանքը: Նախիջևանի պատմական գավառների տարածքը, գտնվելով տարանցիկ երթուղիների և Հայկական միջնաշխարհի կարևորագույն կետում, աստիճանաբար դառնում էր Արևելքը և Արևմուտքը իրար կապող կարևոր կենտրոններից մեկը: Սակայն 11-րդ դարի կեսերից սկսած՝ թուրք-սելջուկյան արշավանքները ավերեցին ծաղկուն երկրամասը:
-Այսինքն՝ Նախիջանը՝ հայկական այլ բնակավայրերի պես, բազմիցս զրկանքներ է կրել, բազմիցս թշնամիների թիրախ է եղել։
-Այդպես է, 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին երկրամասը միացվեց Զաքարյան Հայաստանին, որից հետո 1225 թվականին երկրամասն ընկավ Խորեզմ Շահի ժառանգորդ Ջալալ-Էդ-Դինի հարվածների տակ, իսկ դրանից հետո՝ 1236 թվականին, նվաճվեց մոնղոլ-թաթարների կողմից: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Իններորդի դեսպան Գիլյոմ դե Ռուբրուկը մոնղոլական Մանգու խանի մոտից 1254 թվականին վերադարձի ժամանակ անցավ Նախիջևանով և հետևյալ կերպ մեկնաբանեց իր տեսածը. «Նակուան (Նախիջևան) նախկինում եղել է մեծագույն և գեղեցիկ քաղաք, բայց թաթարները այն վերածել են համարյա անապատի»: Այնուհետև նա ավելացնում է, որ Նախիջևանի ութ հայկական եկեղեցիներից մնացել են երկու փոքր եկեղեցիներ:
-Փաստորեն Նախիջևանի հայկական հետքը վերացնելու առաջին փորձերն ավելի վաղուց են եղել։
-Նախիջևանի երկրամասը ժողովրդագրական լուրջ փոփոխություններ կրեց առանձնապես Շահ Աբասի ժամանակ: Մի կողմից Շահ Աբասը Ջուղայից հազարավոր հայերի տեղափոխեց Իսպահան, մյուս կողմից՝ երկրամասում բնակեցրեց մեծ թվով մահմեդականների: Այսպես, 1622թ., Ռեչ Պոսպոլիտայի դեսպան Սեֆեր Մուրատովիչի վկայությամբ, Շահ Աբասը միայն Նախիջևանից 15 հազար հայերի տեղափոխեց Սպահան: Ի դեպ, Շահ Աբասը հայերին բնակեցրեց գետի մյուս ափին, որն անվանվեց Նոր Ջուղա: Նույնը կատարվեց նաև Քաշաթաղում և Քարվաճառում, երբ հազարավոր հայեր տեղափոխվեցին Պարսկաստանի խորքը, մասնավորապես Մազանդարան և Ղարադաղ, իսկ Քաշաթաղում և Քարվաճառում բնակեցրեց քրդեր՝ նշելով, որ բախումների ժամանակ եթե սպանվեն, կսպանվեն հայեր կամ քրդեր, երկու դեպքում էլ կսպանվեն իրենց թշնամիներից: Այսպիսով, Շահ Աբասը կարողացավ Սյունիքն ու Արցախը բաժանել իրարից, որն էլ պաշտպանության և քաղաքական առումներով իր լուրջ բացասական ազդեցությունն ունեցավ առ այսօր:
-Ե՞րբ նորից սկսեցին թշնամու բարբարոսական արշավներից շունչ քաշել այս բնակավայրերը։
-17-րդ դարի երկրորդ կեսից Ռուսաստանը սկսեց առաջին փորձերը կատարել Անդրկովկաս թափանցելու համար: 18-րդ դարի սկզբներին Արցախում, Սյունիքում և Նախիջևանի մի մասում՝ Օրդուբադում և Ագուլիսում, սկսվում են ազատագրական շարժումները Արցախի մելիքների, Դավիթ-Բեկի և Մխիթար Սպարապետի գլխավորությամբ: 1741 թվականին իրանաթուրքական պատերազմից և Նադիր Շահի մահից հետո ստեղծվեց Նախիջևանի խանությունը: Պետք է շեշտենք, որ 15-19-րդ դարերում Նախիջևանը շարունակում էր կարևոր դեր խաղալ Արևելք-Արևմուտք հարաբերությունների ճանապարհին: Առանձնապես մեծ դեր էր կատարում Ջուղան 15-17-րդ դարերում, և Ագուլիսը՝ 17-19-րդ դարերում: Սրանք դարձան առևտրական այնքան կարևոր կենտրոններ, որ մեծ իրավունքներ ունեին քաղաքային ինքնակառավարման մեջ և այդ առումով ուղիղ ենթարկվում էին պարսկական շահին ու ազատվում մի շարք պարտականություններից, որոնք պետք է կատարեին տեղական մուսուլման կառավարության համար:
Շարունակելի