28 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը պետք է ուղղորդի տարածաշրջանային անվտանգության ողջ օրակարգը․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է ուղղորդի տարածաշրջանային անվտանգության ողջ օրակարգը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը։

«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը։ Ի դեպ, դա բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրոպան և ,ընդհանրապես, աշխարհը ՆԱՏՕ-ականացվում է։

«Տարեցտարի մենք տեսնում ենք, որ իրավիճակը աշխարհում միայն վատանում է։ Խնդիրն անգամ այն չէ, որ մոռացության է մատնվել միջազգային անվտանգությունն ու ռազմավարական կայունությունն ապահովող հակակշիռների համակարգը։ Մենք աններելիորեն երկար ժամանակ ենք ծախսում այլընտրանքային իրավական մեխանիզմներ ստեղծելու համար»,- նշել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն իր ողջ էներգիան ծախսում է իր իսկ ստեղծած կեղծ խնդիրների դեմ պայքարելու համար, «մինչդեռ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ անդրազգային մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնց դեմ կարելի է և պետք է պայքարել միայն միասին»։

Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի ռազմաքաղաքական հենասյուներից մեկը և ուղղորդի տարածաշրջանային անվտանգության ողջ օրակարգը։

«Առկա խնդիրների լուծման և անվտանգության արդյունավետ մեխանիզմների ստեղծման բանալին գտնվում է մեր Եվրասիայում՝ տարբեր ժողովուրդների համատեղ կյանքի հազարամյա փորձով, մշակույթների և քաղաքակրթությունների փոխներթափանցմամբ»,- նշել է Բելառուսի ղեկավարը։