
ԵՄ-ն հիասթափված է, որ Վրաստանը որոշել է դադարեցնել միությանը միանալու բանակցությունները
Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Վրաստանի անտարբերությունը հաջորդ չորս տարիներին ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհով գնալու հարցում և երկրի իշխանությունների որոշումը՝ ժամանակավորապես դադարեցնել անդամակցության բանակցությունները, չափազանց հիասթափեցնող են։
«Մենք բացել ենք Եվրամիության դռները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջ։ Ուկրաինան և Մոլդովան առաջ են գնում։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մենք երեկ լսեցինք, որ նա շահագրգռված չէ գնալ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով։ Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, որը չափազանց հիասթափեցնող է»,- նշել է Գերչինսկին:
Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչպիսի՞ն է ցանկանում տեսնել իր երկիրը։
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը բանակցություններ չի սկսելու Բրյուսելի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ և կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի ցանկացած բյուջետային դրամաշնորհից։
Վարչապետի հայտարարությունից հետո Թբիլիսիում մասշտաբային ցույցեր են սկսել։