04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի ոչ դաշնակցային կարգավիճակը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ հայտնվելու հեռանկարի բացակայությունը ռիսկային են․ ռուսական մամուլ

ՀՀ-ի ոչ դաշնակցային կարգավիճակը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ հայտնվելու հեռանկարի բացակայությունը ռիսկային են․ ռուսական մամուլ

Հայաստանը կարող է վերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) 2025 թվականին աշխարհում աճող լարվածության պատճառով, «Известия»-ի հետ զրույցում կանխատեսել է քաղաքագետ Իքբալ Դյուրեն։ Նրա խոսքով՝ Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք. նա չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ֆրանսիան չի կարողանա անվտանգության երաշխիքներ ապահովել հանրապետության համար։ «Կարծում եմ, որ, այսպես թե այնպես, Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ»,- հավելել է նա։

Ապպլիկատի (Ղրղզստան) ռազմավարական որոշումների կենտրոնի տնօրեն Կուբաթբեկ Ռախիմովն, իր հերթին, կարծում է, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս սառեցված վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը փոփոխություններ չի կատարել Սահմանադրության մեջ և չի հանել Արցախի մասին հիշատակումը, ինչպես նաև մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։

«Սրանից հետո սառեցման շրջանը կավարտվի։ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից, քանի որ դա լուրջ հետևանքների կբերի իշխանության համար։ Երկրում մարդկանց մի մասը կտրականապես դեմ են Երևանի արտաքին քաղաքականության նման շրջադարձերին»,- նշել է նա։ Ռախիմովի խոսքով՝ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։

EADaily-ին թեմայի վերաբերյալ նկատել է, որ Եվրոպան, ռուս-ուկրաինական հակամարտության սրման նոր փուլի և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների ֆոնին, սեփական անվտանգության մասին հոգալու բազմաթիվ պատճառներ ունի։ «Եվրատլանտիստները չեն պատրաստվում Հայաստանին ամուր երաշխիքներ տալ Ադրբեջանի հետ սահմանին նոր էսկալացիայի դեպքում ռազմական օգնության տրամադրման հարցում։ Ավելին՝ խոսք չի գնում ՆԱՏՕ-ին հանրապետության ինտեգրման մասին․ մի հարց, որը Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում անվերահսկելի ռիսկերի բախվելու նույն բարձր սպառնալիքի պատճառով։ Հայաստանի ոչ դաշնակցային կարգավիճակը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում և Հյուսիսատլանտյան դաշինքի «հովանոցի» տակ հայտնվելու լուրջ հեռանկարի բացակայությունն էլ ավելի ռիսկային է թվում։ Աշխարհում եղանակը կտրուկ փոխվելու է առաջիկա ամիսներին, մնում է պարզել, թե ուր են շարժվելու համաշխարհային տերությունների դիմակայության ցիկլոններն ու անտիցիկլոնները։ Ուստի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում Երևանի կտրուկ շարժումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, ինչը Փաշինյանի կառավարությանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտավորապես մեկուկես տարի առաջ հակացուցված է թվում», – գրել է կայքը։