04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերն ավելանալու են․ Խաչատրյան

Մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերն ավելանալու են․ Խաչատրյան

Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ ԱԳՆ-ին։ Մեկ անգամ դատարանը հայցը վերադարձրել էր, երկրորդ անգամ որոշակի փոփոխությամբ ընդունել է վարույթ. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին կաղկանձել, որ ռևանշիստները՝ այսինքն մենք, հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթերին, դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ ինքը արգելելու է, որ մենք այդ փաստաթղթերին տեղեկանաք։ ԱԳՆ-ի և Փաշինյանի հիմնավորումը զավեշտալի էր, իբրև մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ թող հրապարակեն այն, ինչն ըստ իրենց մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես ես հիմա քրեական հետապնդման ենթարկվելիս կլինեի։ Մենք ոչ մի բան չենք խախտել, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, Հայաստանի ստրկացման, Հայաստանին անկախությունից և ազատությունից զրկելուն և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է»,- ասել է նա:

Խաչատրյանի խոսքով ՝ իշխանությունը ժողովրդի ականջից արիշտա է կախում, թե իբր գնում են դեպի խաղաղության, և ահա ընդիմադիրները գալիս և ասում են այստեղ խաղաղություն չկա։
«Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողը ինքն է։ Իշխանության արածը, իրոք, անտրամաբանական է, որովհետև, երբ ես այդ փաստաթղթին ծանոթացա, և երբ կետերի մասին հարց կար՝ այն, ինչ արդեն արտահոսք էր եղել, ասացի, որ այնտեղ ավելի վատ կետ կա, և շատ ավելի վտանգավոր։ Մի քանի օր հետո Փաշինյանը այդ կետերը գաղտնազերծեց։

Այն, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում կատարել ներքին օրենսդրության վրա, որպեսզի չկատարի պայմանագրի պահանջները, այսինքն՝ ավելի մարդկային լեզվով ասած, պայմանագիրն ավելի մեծ ուժ ունի, քան Հայաստանի օրենսդրությունը։ Ինչ իմաստ ունի այդ ամեն ինչը։ Ես մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերի թիվը գնալով ավելանալու է»,- նշել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր Քրիստինա Վարդանյանը տեղեկացրել էր, որ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով նրանց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։