Մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ․ քաղաքապետարանը՝ վարորդների գործադուլի մասին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների․ այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
«Մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով:
Վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևան քաղաքում տրանսպորտի վարորդները գործադուլ են իրականացրել, հրաժարվելով անցնել աշխատանքի։