Մակրոնը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին պատասխանատվություն կրել Ֆրանսիայի ապագայի հանդեպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին վստահեցրել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև իր լիազորությունների ավարտը՝ չնայած Միշել Բարնիեի կառավարության հրաժարականին։ Մակրոնը նշել է, որ առաջիկա օրերին կնշանակվի նոր վարչապետ:
«Մանդատը, որը դուք տվել եք ինձ, 5 տարի ժամկետով է, և ես այն կկատարեմ մինչև վերջ՝ մինչև 2027 թվականի մայիսը», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել Միշել Բարնիեին կատարած աշխատանքի համար։
Ֆրանսիայի նախագահը որպես նոր վարչապետի առաջնահերթություն նախանշել է բյուջեի ընդունումը հատուկ օրենքի միջոցով։
«Նոր կառավարությունը հաջորդ տարվա սկզբին կնախապատրաստի բյուջեի նոր նախագիծ։ Պետք է հաջորդ տարվա սկզբին նոր բյուջե ընդունենք՝ անհրաժեշտ ներդրումներն ապահովելու համար։ Ֆրանսիայում հանրային ծառայությունները կշարունակեն գործել»,- ընդգծել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ պետք է հաստատել քաղաքական հստակ գիծ, ազգային միասնություն և բոլոր քաղաքական ուժերի պատասխանատվությունը Ֆրանսիայի ապագայի հանդեպ։