Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, նա իրավունք ունի օգտվելու հավաքական օգնությունից ցանկացած պահի․ Взгляд
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետն արդեն անցել ենք. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ չսկսելով կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալու ընթացակարգը։ Իրավիճակի անորոշությունը՝ և՛ ֆորմալ անդամակցությունը, և՛ ՀԱՊԿ-ի անդամակցությանը ոչ պաշտոնական մերժումը, Երևանին հնարավորությունների պատուհան է թողնում, գրել է Взгляд-ը։
Ինչպես նշվել է, դիվանագիտական լեզվով թարգմանված՝ սա կարող է նշանակել, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում օգտվել ՀԱՊԿ-ի օգնությունից, եթե դրա կարիքն ունենա, սակայն, ընդհանուր առմամբ, ցույց է տալիս իր հուզական թշնամանքն այս միության՝ որպես երևույթի նկատմամբ։ Այս դիրքորոշումը թույլ է տալիս Երևանին գրեթե ցանկացած պահի իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ շրջել հակառակ ուղղությամբ։ Ըստ էության՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, նա իրավունք ունի օգտվելու այս կազմակերպության հավաքական օգնությունից ցանկացած պահի։
«Փորձագիտական հանրությում տարածվում է կարծիք, թե Ռուսաստանն աստիճանաբար դուրս է գալիս Հարավային Կովկասից, և ինչ-որ մեկը պետք է լրացնի այդ վակուումը։ Մոտավորապես նույն կերպ է մտածում Երևանը, քանի որ ՀԱՊԿ-ում մասնակցության «սառեցմանը» զուգահեռ սկսել է ակտիվորեն նոր դաշնակիցներ փնտրել։ Կարող է թվալ, որ Հայաստանի իշխանությունն այս հարցում որոշակի առաջընթաց է գրանցել, մասնավորապես, կտրուկ աճել են ռազմական շփումները ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և հատկապես Ֆրանսիայի հետ։ Սակայն գործնականում Հայաստանը ճգնաժամային իրավիճակում փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ գրավոր համաձայնագրեր չունի ո՛չ ԵՄ-ի կամ ԵԱՀԿ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի, ո՛չ էլ նույնիսկ Ֆրանսիայի հետ։ Եվ կարելի է հանգիստ ենթադրել, որ նման պայմանավորվածություններ չեն լինի։ Փարիզի համար, օրինակ, Բաքվի հետ դիվանագիտական հակամարտությունը մի բան է, իսկ ֆիզիկական մասնակցությունը Հայաստանի շահերի պաշտպանության համար՝ բոլորովին այլ», – գրել է թերթը։
Ընդգծվել է, որ, ՀԱՊԿ հովանոցի բացակայության դեպքում, Բաքվի և Անկարայի դիրքորոշումը տարածքային և «Զանգեզուրի միջանցքի» հարցերում կարող է ավելի կոշտ բնույթ ստանալ։ Նույնիսկ այս միության կազմում Հայաստանի ներկայիս պաշտոնական ներկայությունը նման սցենարի դեմ զսպող գործոններից է: