
Իսրայելի ցեղասպան գործողություններն իրականացվել են Գազայի պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ․ Amnesty International
Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ Գազայում, նշվել է Amnesty International միջազգային կազմակերպության զեկույցում։ Այն վերլուծել է 212 մարդու հետ հարցազրույցները, արբանյակային պատկերները, տեսանելի ապացույցները և իսրայելական պաշտոնյաների հայտարարությունները և պարզել, որ Իսրայելի գործողություններն արգելված են Ցեղասպանության կոնվենցիայի համաձայն և իրականացվել են Գազայի պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ։
Իսրայելը խստորեն մերժել է զեկույցի պնդումները և որակել դրանք որպես «ամբողջովին կեղծ» և «հիմնված ստի վրա»՝ հավելելով, որ Amnesty-ն «ողբալի և մոլեռանդ կազմակերպություն է»:
Զեկույցում նախազգուշացվել է, որ Իսրայելին զենք մատակարարող երկրները, ներառյալ ԱՄՆ-ն և Գերմանիան, չեն կատարում ցեղասպանությունը կանխելու իրենց պարտավորությունները: Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում պատերազմի առաջին տարում Իսրայելը սպանել է ավելի քան 42,000 պաղեստինցի, այդ թվում՝ ավելի քան 13,300 երեխա, և ավելի քան 97,000-ը վիրավորվել է։ Amnesty-ն ապնդում է, որ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել:
«Ամիս առ ամիս Իսրայելը Գազայում պաղեստինցիներին վերաբերվում է որպես մարդու իրավունքներին և արժանապատվությանը ոչ արժանի ենթամարդկային խմբի՝ ցույց տալով նրանց ֆիզիկապես ոչնչացնելու իր մտադրությունը», – ընդգծել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:
Ավելի վաղ, Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին Գազայում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։