Ապտակ դեմոկրատական կառավարություններին․ տարօրինակ կերպով Ադրբեջանում բոլոր այլախոհ լրագրողները «թաթախված են» մաքսանենգության մեջ
Ադրբեջանը սրում է անկախ ԶԼՄ-ների դեմ իր ճնշումները՝ ձերբակալելով լրագրողներին արժույթի մաքսանենգության վիճելի մեղադրանքներով: Քննադատներն այն անվանում են հարձակում մամուլի ազատության և մարդու իրավունքների վրա՝ միջազգային հսկողության ներքո: Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է Meydan TV-ի վեց լրագրողների, որը երկրի սակավաթիվ մնացած անկախ լրատվամիջոցներից է: Այս մասին նշվել է Կոռուպցիայի հետազոտման և կազմակերպված հանցավորության կենտրոնի (OCCRP) հայտարարությունում։ Meydan TV-ն՝ OCCRP-ի անդամ կենտրոնը, հայտնել է, որ կորցրել է կապը լրագրողների հետ ուրբաթ օրը, սակայն ավելի ուշ իմացել է, որ Բաքվի քաղաքային ոստիկանության վարչությունը ձերբակալել է նրանց: «Ձերբակալված լրագրողներից մի քանիսի տները խուզարկվել են, առգրավվել են նրանց անձնական տեխնիկան և որոշ իրեր»,- հայտնել են ԶԼՄ-ից։
Երկրի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Meydan TV-ի հետ համագործակցող անկախ լրագրող Ռամին Ջաբրայիլզադան ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում՝ արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով։
Իշխանությունները ձերբակալել են նաև հինգ այլ լրագրողների և խմբագիրների՝ Այնուր Գանբարովային, Խայալա Աղաևային, Այթաչ Ահմադովային, Նաթիգ Ջավադլիին և Այսել Ումուդովային, ինչպես նաև Բաքվի լրագրության դպրոցի փոխտնօրեն Ուլվի Թահիրովին։Meydan TV-ն հերքել է մաքսանենգության մեղադրանքներն՝ անօրինական համարելով ձերբակալությունները։ Շաբաթ օրը, սակայն, Խաթայի շրջանային դատարանը չորս ամսվա նախնական կալանք է սահմանել վեց լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ Թահիրովի, որոնց մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է սպառնալ մինչև ութ տարվա ազատազրկում:
Բերման ենթարկված լրագրողները նույնպես հերքել են մեղադրանքը։ Ոմանք հայտնել են ֆիզիկական բռնության մասին իրենց տներում խուզարկության ժամանակ: Նրանք կարծում են, որ ձերբակալությունները հաշվեհարդարի ձև են իրենց հաղորդումների համար:
Բերման են ենթարկվել նաև առնվազն 13 մարդ, որոնցից մի քանիսն ավելի ուշ ազատ են արձակվել: Անկախ ֆոտոլրագրող Ահմադ Մուխթարը դատապարտվել է 20-օրյա կալանքի՝ առանց դատաքննության՝ աննշան խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով։
Ձերբակալությունները հաջորդում են այլախոհների դեմ ավելի լայն արշավին: Դեկտեմբերի 3-ին խարդախության և խուլիգանության մեղադրանքով կալանավորվել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։ Դատարանի որոշմամբ նա չորս ամիս պետք է մնա նախնական կալանքի տակ։
Ձերբակալությունների առաջին ալիքը սկսվել է 2023 թվականի նոյեմբերին, երբ իշխանությունները ձերբակալեցին Abzas Media-ի գործադիր տնօրեն Ուլվի Հասանլիին և հինգ աշխատակիցների՝ արժույթի մաքսանենգության նմանատիպ մեղադրանքներով:
Այն ժամանակ բռնաճնշումներն ուղղված էին նաև այլ անկախ ԶԼՄ-ների, ինչպիսիք են Toplum TV-ն և TV Kanal 13-ը: Իշխանությունները ներխուժել են նրանց գրասենյակները և ձերբակալել մի քանի աշխատակիցների, այդ թվում՝ Kanal 13-ի տնօրեն Ազիզ Օրուջովին, ով մեղադրվում է հողի չարտոնված օգտագործման հետ կապված հանցանքում և կարող է դատապարտվել մինչև երեք տարի ազատազրկման։
Նյու Յորքում տեղակայված մամուլի ազատության համաշխարհային կազմակերպությունը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), դատապարտել է ձերբակալությունները՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։
«Meydan TV-ի բազմաթիվ լրագրողների կալանավորումը, որը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ավարտվեց ՄԱԿ-ի COP29 կլիմայական կոնֆերանսը Բաքվում, ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների կողմից լրատվամիջոցների դաժան ճնշումը», – նշվել է CPJ-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների նման քայլերը եղել են «ապտակ ինչպես ՄԱԿ-ին, այնպես էլ դեմոկրատական կառավարություններին, ովքեր մեկնել են Բաքու՝ սեղմելու ադրբեջանցի պաշտոնյաների ձեռքը»։
Եվրամիության, Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի դեսպանները նաև հորդորել են Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել մամուլի ազատությունը և ազատ արձակել բանտարկված լրագրողներին և իրավապաշտպաններին: