22 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հարցը չի փակվել և այսօր ավելի քան արդիական է. Genesis Armenia-ի հայտարարությունը

Արցախի հարցը չի փակվել և այսօր ավելի քան արդիական է. Genesis Armenia-ի հայտարարությունը

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 33 տարի առաջ այս օրն Արցախում անցկացված համաժողովրդական հանրաքվեին:

«1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որով տեղի բնակչության 99 տոկոսը կողմ քվեարկեց Արցախի անկախության օգտին։ Մինչև այդ՝ դեկտեմբերի 8-ին, կնքվել էր Բելովեժյան համաձայնագիրը, որով ԽՍՀՄ փաստացի դադարել էր գոյություն ունենալ։

Արցախի Անկախությունը հռչակվեց ՀՀ Անկախությունից ավելի շուտ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Դեռևս 1988 թվականից սկսած Արցախյան շարժման ամբողջ մարտավարական ավարտը տրվեց հենց այս հանրաքվեով, որի հետևանքով հայությունն արտահայտեց ինքնորոշվելու իր ազատ կամքը: Հետագայում՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և անվտանգության ապահովման հարցը դարձավ նաև ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը։

Այս իրողությունը շարունակվեց մոտ 3 տասնամյակ՝ մինչև 2018 թվականի մայիսը։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով ներկայիս վարչակարգն Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը տարավ փակուղի՝ ցուցաբերելով անսկզբունքային զիջողականություն, հավատարիմ չմնալով ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. որոշմամբ իր ստանձնած պարտավորություններին, այդպիսով պատճառելով Արցախի սուբյեկտայնության կորուստ, ավերիչ պատերազմ և հայաթափում։

Արցախի հարցը չի փակվել և այսօր ավելի քան արդիական է. այն փակ է միայն Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ ներկայիս հակաազգային վարչակարգի համար։ Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ օրեցօր ավելի ու ավելի շատ են բարձրաձայնում հայության Արցախ վերադարձի հարցը։ Այս գործընթացի հիմնարար իրավական ակտն, անխոս, Անկախության հանրաքվեի փաստն է, որով մեծամասնություն կազմող հայությունը, չնայած խորհրդային Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությանն, ասաց այո, և վերահաստատեց իր խոսքը, արցախյան առաջին պատերազմում կերտած իր հաղթանակով։

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը ընդունելով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անցյալ տարի հնչեցրած հայտարարությունն առ այն, որ «Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը», հայտարարում է, որ հետամուտ է լինելու դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի և համայն հայության հավաքական կամքով կերտված Արցախի Հանրապետության վերականգմանը, մեր հայրենակիցների` Արցախ հավաքական տունդարձի՝ խելամիտ, իրատեսական և հավասարակշռված ռազմավարության իրագործմանը։

Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ Երևանում ազգային իշխանության հաստատմամբ, որի համար հայկական իրավունքների անժամանցելիությունը սկզբունքային է, ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերն անքակտելի. միայն ազգային իշխանության ձևավորմամբ և հայ ժողովրդի բարեկամ ու դաշնակից ժողովուրդների, պետությունների հետ որակական ու փոխշահավետ հարաբերությունների կառուցմամբ հնարավոր կդառնա դիմադրել ՀՀ առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։

Արցախ վերադարձ լինելու է»: