Բլինքենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները
Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ սրացող ճնշումները. այս մասին X-գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգիզիին և այլոց, որոնք կալանավորվել են հանուն մարդու իրավունքների իրենց աշխատանքի համար», – գրել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է կոչին՝ հայտարարելով, որ դատապարտում և մերժում է այն: Բաքվի պնդմամբ՝ Բլինքենի «կանխակալ» հայտարարությունը «խեղաթյուրում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված իրավիճակը և նպատակ ունի միջամտել Ադրբեջանի դատական և իրավական գործընթացներին»։
«Բոլորը քաջատեղյակ են, որ Բլինքենի ելույթը երկակի ստանդարտների դիրքերից՝ կապված մեր երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի հետ, կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջ Հարավային Կովկասում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։