Ասադի վարչակարգի փլուզումը Հարավային Կովկասին սպառնում է նոր պատերազմով. Независимая Газета
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը հերթական մեծ մարտահրավերն է Հարավային Կովկասի համար։ Հայաստանին, առաջին հերթին, մտահոգում է Արաբական Հանրապետությունում մոտ 30 հազար հայերի ճակատագիրը։ Բացի այդ` Ադրբեջանը գոհ է եղբայրական Թուրքիայի հերթական հաջողությունից, որն ակնհայտորեն որոշիչ դեր է խաղացել սիրիական իրադարձություններում, և անհամբեր սպասում է նրա հետագա ամրապնդմանը տարածաշրջանում, գրել է Независимая Газета-ն։
Ինչպես նշվել է, Դամասկոսում բնակվող հայերի խոսքով՝ զինյալները թուրքական դրոշներով շրջում են քաղաքի փողոցներով, իսկ բենզալցակայանները սկսել են ընդունել թուրքական լիրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակն ավելի հանգիստ է, քան մայրաքաղաքի գրավման ժամանակ էր։ Այդուանենայնիվ, իրավիճակն անորոշ է։ Չնայած այն հանգամանքին, որ իսլամիստները խոստանում են չվնասել քրիստոնյաներին, հայտնի չէ, թե նրանք ինչպե՞ս կվարվեն ապագայում։
Միևնույն ժամանակ, անմիջապես այն բանից հետո, երբ իսլամիստները գրավել են Մանբիջ քաղաքը, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, թուրքական TRT Haber հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել ապստամբների կողմնակիցներից, որոնց թվում է եղել մի երիտասարդ՝ Ադրբեջանի դրոշի գույներով վերնաշապիկով և «Ղարաբաղ» մակագրությամբ։
Սիրիական իրադարձությունները, անշուշտ, կազդեն Հարավային Կովկասի վրա, վստահ են նաև Независимая Газета-ի հետ զրուցած փորձագետները։ «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն ակնկալում է, որ Թուրքիան և դրա հետ մեկտեղ Ադրբեջանը կամրապնդեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում, մինչդեռ «Հայաստանի համար Ասադի ռեժիմի տապալումը հերթական պարտությունն էր»։
Բացի այդ՝ փորձագետն ակնկալում է, որ այժմ Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի ստիպել Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել։ «Երևանը ցանկանում է բացել սահմանը Թուրքիայի հետ և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։ Նոր պայմաններում՝ սա պետք է ավելի կարևոր լինի, քան նախկինում»,- ընդգծել է Շահինօղլուն։
ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Թուրքիայի հզորացումը Մերձավոր Արևելքում միայն անուղղակիորեն կազդի Հարավային Կովկասի վրա։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանը գտնվում է բարձր դինամիկայի մեջ, ուստի՝ ցանկացած նոր փոփոխական կարող է կարևոր դեր խաղալ։
«Հնարավոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվան այլևս ստիպված չէ վիճել Անկարայի հետ Դամասկոսի ճակատագրի շուրջ, նրանց համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել: Միաժամանակ, Թեհրանը դուրս կմնա այս երկխոսությունից, քանի որ թուրքական իշխանությունները երբեք իրենց իրանցի գործընկերներին իրենց հավասարը չեն համարել։ Սա, առաջին հերթին, կարևոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում։ Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բացակայությունը՝ չի կարելի բացառել հակամարտության նոր սրումը։ Միևնույն ժամանակ, Երևանը փորձում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, և Ասադի վարչակարգի փլուզումից հետո կարող է մեծացնել իր ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է Եվսեևը։