ՀՀ-ի և Ադրբեջանի հակասությունները պահպանվում են, և ավելի լավ է լինել գոնե ինչ-որ դաշինքում, քան՝ ընդհանրապես չլինել․ ռուսական մամուլ
Եթե Հայաստանը որոշի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Արևմուտքը, դժվար թե, օգնի նրան։ Այս կարծիքն է հայտնել Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Կովկասում շահագրգռված են բացառապես ապակայունացմամբ։
«Հայաստանը բանավոր աջակցություն կստանա Արևմուտքից, վերջը կանխատեսելի կլինի։ Սակայն Արևմուտքը Հայաստանին օգնելու տրամադրություն չունի։ Նրանց մտահոգում է բացառապես Կովկասում ապակայունացումը, Ռուսաստանի դեմ վերահսկվող քաոսի ստեղծումը»,- նշել է Մենդկովիչը։
Московский Комсомолец-ն, իր հերթին, գրել է, որ Հայաստանի պարագայում իրականությունն այն է, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչի դիմաց նա դուրս կգա ՀԱՊԿ-ից։ «Ադրբեջանի հետ հակասությունները մնում են, և ավելի լավ է լինել գոնե ինչ-որ դաշինքում, քան ընդհանրապես չլինել։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն չեն կարողանա ապահովել երկրի անվտանգությունը՝ գոնե տարածաշրջանից իրենց աշխարհագրական հեռավորության պատճառով։ Եվ, հազիվ թե, նրանք չափից շատ զինեն Երևանին, քանի որ Բաքուն կարտահայտի իր վրդովմունքը։ Հետևաբար, քանի դեռ Երևանն արևմտյան գործընկերներից անվտանգության երաշխիքներ չի ստացել, ՀԱՊԿ-ից դուրս գալն իսկապես նրան ոչ մի օգուտ չի բերի», – գրել է կայքը։