Անկարան կարող է օգտագործել Թեհրանի ներկայիս խոցելիությունը՝ առաջ մղելու իր աշխարհաքաղաքական նպատակները․ Deutsche Welle
Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի հանկարծակի փլուզումը մեկ գիշերվա ընթացքում փոխել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Իրանը և Թուրքիան, որոնք տարիներ շարունակ պահպանել են նուրբ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, այժմ բախվում են մրցակցող շահերի հետասադյան Սիրիայում, գրել է Deutsche Welle-ն:
Ինչպես նշվել է, չնայած տարիներ շարունակ համագործակցությանը, մասնավորապես՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները շրջանցելու Թուրքիայի տնտեսական աջակցության հարցում, Իրանի և Թուրքիայի հարաբերությունները, կարծես թե, խաթարվել են:Օրեր առաջ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քողարկված քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին՝ մեղադրելով անանուն «հարևան երկրին» ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դավադրության մեջ՝ Ասադի ռեժիմը տապալելու համար:
Ըստ հոդվածի՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները փոխել են ուժերի հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի։
Փորձագետ Ահմադ Վախշիտեն DW-ի հետ զրույցում նշել է, որ Անկարան կարող է օգտագործել Թեհրանի ներկայիս խոցելիությունը՝ առաջ մղելու իր ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակները: «Սա ներառում է աջակցություն ցամաքային միջանցքին, որը կապում է դեպի ծով ելք չունեցող ադրբեջանական էքսկլավը Նախիջևանն Ադրբեջանին: Նախիջևանը սահմանակից է և՛ Թուրքիային, և՛ Իրանին», – նշել է փորձագետը՝ հավելով, որ Իրանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել այն՝ արգելափակելու Իրանի մուտքը Հայաստան:
Նա նաև ընդգծել է Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում միջամտելու Ռուսաստանի մոտիվացիայի բացակայությունը, ինչը թույլ է տվել Իրանի տարածաշրջանային մրցակիցներին, այդ թվում՝ Թուրքիային, ձեռք բերել առավելություն:
«Այն կարծիքը, թե Թուրքիան ընդլայնել է իր ազդեցությունը Սիրիայում Ռուսաստանի հավանությամբ, ինչ-որ չափով չափազանցված է », – նշել է Վախշիտեն: