Փաշինյանն այսօր ավելի շատ դիկտատոր է, քան՝ վարչապետ․ Միհրանյան
Ռուսաստանաբնակ պատմաբան, համեմատական քաղաքական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանն՝ իր Հայաստան մուտքի արգելքը կապում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնապետության ու վախկոտության հետ։ NEWS.ru-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ այժմ Հայաստանում փաստացի գործում է մեկ անձի իշխանություն։
«Ցավոք, մարդիկ, ովքեր պնդում են, որ ժողովրդավարություն են հաստատում, որ իրենք առաջադեմ են արևմտյան ոճով, ի վերջո հաստատում են բացարձակապես բռնապետական իշխանություն։ Ընդհանրապես, Փաշինյանն այսօր ավելի շատ դիկտատոր է, քան՝ վարչապետ։ Հիմա Հայաստանում փաստացի գործում է մեկ անձի կանոն, և ամեն ինչ այս մարդու շուրջ է պտտվում»,- նշել է Միհրանյանը։
Նա նշել է, որ քննադատաբար է խոսել Հայաստանի վարչապետի քաղաքականության մասին։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հավաքել է իր հասցեին քննադատություններ հնչեցնող մարդկանց մի ամբողջ ցուցակ։ Միհրանյանը միաժամանակ պարզաբանել է՝ նրանց թվում կան տարբեր երկրներից մարդիկ, այդ թվում՝ Ռուսաստանից, օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանը, Արամ Գաբրելյանովը և Կոնստանտին Զատուլինը։ Իրենց՝ Հայաստան մուտքի արգելքը նա անվանել է «կոպտություն, անհանդուրժողականություն և ագրեսիվություն»։
Պատմաբանի կարծիքով՝ Փաշինյանը փաստացի կորցնում է հանրային աջակցությունը։ Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցների հսկայական բազմություն կա, որը բաժանում է Հայաստանի վարչապետին ժողովրդից։
«Սա մի մարդ է, ով ցանկանում էր հեծանիվ քշել կամ քայլել ամբոխի մեջ, բայց այսօր նրան հսկում են գրեթե հարյուր հոգի: Նա ուժեղացնում է ոչ թե բանակը, այլ իր անձնական անվտանգությունը, քանի որ վախենում է ամեն ինչից ու դրա համար հիմքեր ունի։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրան տանել չի կարողանում»,- հավելել է քաղաքագետը։
Միհրանյանը նշել է, որ Հայաստան մուտքի արգելքն իր համար անակնկալ չի եղել. նա հիշեցրել է, որ Զատուլինին ու Սիմոնյանին ուղարկվել են համապատասխան թղթեր։ Սակայն պատմաբանի խոսքով՝ իր հասցեին նման հայտարարություն չի արվել, և ինքը մուտքի մերժման վերաբերյալ որջէ բացատրություն չի ստացել։ Նրա խոսքով՝ բացատրություն չի կարող լինել, քանի որ այդ դեպքում՝ Հայաստանի իշխանությունները պետք է խոստովանեն, որ չեն հանդուրժում ոչ մի քննադատություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միհրանյանին արգելել են մուտք գործել Հայաստանի տարածք։ Արգելքի պաշտոնական պատճառները չեն հայտարարվել։