18 Դեկ
2024
2.9° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը գռեհիկ լեքսիկոնով կրկին սպառնացել է ՀՀ-ին և Ֆրանսիային

Ալիևը գռեհիկ լեքսիկոնով կրկին սպառնացել է ՀՀ-ին և Ֆրանսիային

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել խաղաղության ապագա պայմանագրի 2 հոդվածների շուրջ, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ի շուրջ։ Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, սակայն կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից, նկատի ունեմ մեր պայմանները»,- նշել է նա։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «դրանցից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալուն»։

«Մյուս հոդվածը վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչների՝ մեր սահմանին չտեղակայելուն»,- հավելել է Ալիևը։

Նա նաև շտապել է սպառնալ ՀՀ-ին․ «Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք «տեղում» չի օգնի Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը»։

«Ինչպե՞ս է Մակրոնն օգնել նրանց 2020-ին կամ 2023-ին։ Աջակցել է: Ձեռքն է բռնել, հավանաբար, չգիտեմ, կամ գուցե՝ այլ տեղ: Վերջ։ Ինչի՞ է նա ընդունակ։ Մենք դա շատ լավ գիտենք»,- իր կարծիքն է արտահայտել Ալիևը՝ կրկին սպառնալով, այս անգամ՝ արևմտյան երկրներին։

Ադրբեջանը շարունակելու է կոչ անել դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստան․ «Եվ եթե այսպես շարունակվի, ապա մեր դեմ բողոքներ թող չլինեն։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի զենքի հետևում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները, և, ինչպես նշել է նախագահը, Վաշինգտոնը չի ճանաչում այդ մատակարարումները, թեև «Ադրբեջանը հայկական օդանավակայաններում նկատել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ»։

«Զենքերը, որոնք Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական, մահաբեր զենքեր են, որոնք գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»,- մեկնաբանել է Ալիևը։