Փաշինյանի «սև ցուցակը». Միհրանյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ վարչապետին
Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ում մուտքն արգելվել է Հայաստան NEWS.ru-ին հայտնել է, որ մտադիր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի տալ՝ իր իրավունքների խախտման համար։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը հանրապետությունում հաստատել է իր անձնական իշխանությունն ու բռնապետությունը։
«Սա կատարյալ կամայականություն է։ Արգելքի որոշումն իմ հիմնարար իրավունքների բացարձակ խախտում է։ Ես մտածում եմ այս կամայականության դեմ հայց ներկայացնելու մասին, քանի որ իրականում Փաշինյանը այնտեղ հաստատել է իր անձնական իշխանությունն ու բռնապետությունը։ Նա գիժ է, ինչ ուզում՝ անում է։ Նրա դեմ ոչ ոք չի կարող առարկել, քանի որ նա նրանց բանտարկում է երկրի ներսում, իսկ դրսից այցելուներին արգելում է մուտքը, որպեսզի Հայաստանում չլսեն ճշմարտության ձայնը կամ այլընտրանքային տեսակետը»,- նշել է Միհրանյանը։
Մեկնաբանելով Միհրանյանի դեմ պատժամիջոցները՝ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, ում մուտքը ՀՀ ևս արգելված է, Փաշինյանին անվանել է թուրքական «էֆենդի» անունով։
Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետը վերջերս փոխել է իր իմիջը՝ սափրելով մորուքը։ «Ինձ նույնպես արգելված է մուտք գործել Հայաստան։ Էֆենդին շատ զվարճալի տղա է։ Թե՛ մորուքով, թե՛ առանց դրա»,- նշել է Սիմոնյանը։
Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագհ Կոնստանտին Զատուլինը վստահություն է հայտնել, որ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու որոշումը կայացնում է անձամբ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը և իր շրջապատը «վախենում են մեր ներկայությունից և մեր խոսքից»։ Նրանք մտածում են Լյուդովիկոս XIV-ի ոգով. «Պետությունը ես եմ»։ Հայաստանի շահերն անձամբ իրենց հետ են նույնացնում , նշել է Զատուլինը: