Ֆոն դեր Լեյենը չարաշահում է պաշտոնը. ԵՄ դիվանագետները կոչ են անում «սանձել» ԵՀ ղեկավարին
ԵՄ որոշ երկրների ղեկավարներ դժգոհ են, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարևոր որոշումներ է կայացնում միայնակ։ Նրանք Եվրոպական խորհրդի նոր ղեկավար Անտոնիո Կոշտայինկոչ են արել «սանձել» ԵՀ նախագահին. հայտնում է Politico թերթը։
Ըստ հրապարակման՝ «միության բարձրաստիճան դիվանագետները գնալով ավելի են զայրանում ֆոն դեր Լեյենի վերջին միակողմանի գործողություններից»:
Եվրահանձնաժողովի ղեկավարի նման քայլերը, այդ թվում՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի (Հարավամերիկյան ընդհանուր շուկա) հետ կապված, կդառնան 2024 թվականին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովի շրջանակներում քննարկման կարևորագույն թեմաներից մեկը։ Առաջին անգամ նման հանդիպում կանցկացվի Կոշտայի նախագահությամբ։
«Ֆոն դեր Լեյենն ավելի հեռուն է գնացել, քան ԵՀ-ի ցանկացած այլ նախագահ՝ օգտագործելով իր մանդատը, և բոլորովին վերջերս դա արտացոլվել է ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի վերաբերյալ որոշման մեջ», – Politico-ին հայտնել է միության դիվանագետներից մեկը ՝ անանունության պայմանով:
«Իրական խոսակցությունը կլինի ֆոն դեր Լեյենի և այն մասին, թե որքան հեռու կարող է նա գնալ», – նշել է մեկ այլ դիվանագետ:
Դեկտեմբերի 5-ին ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ժամանել է Լատինական Ամերիկա՝ նշելով, որ ԵՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև բանակցությունների «վերջնագիծն» արդեն մոտ է։ Դեկտեմբերի 6-ին Եվրամիությունը և ՄԵՐԿՈՍՈՒՐ երկրները կնքել են առևտրային համաձայնագիր՝ չնայած եվրոպացի ֆերմերների բողոքին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անհամաձայնություն է հայտնել գործարքի` ներկայիս տեսքով ընդունման առնչությամբ:
2019 թվականին ԵՄ-ն և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը 20 տարվա բանակցություններից հետո ստորագրել են առևտրային համաձայնագիր, սակայն գործարքը սառեցվել է, քանի որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի օրոք Ամազոնի անտառների հատումների աճը հակասում էր ԵՄ երկրների դիրքորոշմանը: 2023 թվականի դեկտեմբերի սկզբին Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի երկրները Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո պայմանավորվել են շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը Հարավային Ամերիկայի ամենամեծ առևտրատնտեսական ասոցիացիան է: Նրա հիմնադիրներն են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը: