22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխվել է տարկետման կարգը․ ո՞ր հիվանդությունների դեպքում տարկետում չի սահմանվի

Փոխվել է տարկետման կարգը․ ո՞ր հիվանդությունների դեպքում տարկետում չի սահմանվի

Հայաստանի Հանրապետությունում զորակոչի ընթացքում առողջական խնդիրների հիմքով տարկետման կարգը վերանայվել է։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ ներկայացված նախագծի՝ որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի, եթե մեկ տարվա տարկետման ժամկետից հետո զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել։ Նաև կհստակեցվեն առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։

Ըստ Պապիկյանի՝ փոփոխությունները կոչված են խթանելու զինծառայության արդարացի կազմակերպումը և կանխելու ծառայությունից խուսափելու հնարավոր դեպքերը։

«Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր է 1 տարում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն, փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու շահագրգռվածություն։ Արդյունքում մի տարվա տարկետումը բերում է ևս մեկ տարվա, հետո էլի տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- ասել է Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ եթե առողջական խնդիրը պահանջում է բժշկական միջամտություն, որը չի կատարվել անձի կողմից, ապա կառավարությունը կկազմակերպի բուժումը։

Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար, քանի որ ժամանակակից վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը, մինչդեռ, ըստ գործող կարգի, այս հիվանդության պատճառով սպաները ստիպված են լինում հրաժարվել հետագա ծառայությունից։

Փոփոխությունը վերաբերում է նաև մի շարք այլ հիվանդությունների։

«Այս մոտեցումը միտված է զորակոչի համակարգի արդարացմանը և ծառայության համար պիտանի անձանց ընդգրկմանը՝ պահպանելով առողջության պահպանման սկզբունքները»,- եզրափակեց Պապիկյանը։