Ուժերի հավասարակշռությունը փոխվում է Մերձավոր Արևելքում․ երկնակամարում բարձրանում է Թուրքիայի «լիալուսինը»
Սիրիայում Ասադի վարչակարգի անկումը նշանավորում է Թուրքիայի «լիալուսնի» վերելքը՝ վերափոխելով աշխարհաքաղաքական լանդշաֆտը, գրել է The Guardian-ը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը սիրիացի ապստամբներին Անկարային վերածել է տարածաշրջանային ազդեցիկ ուժի:
Ինչպես նշվել է, Թուրքիան առանցքային դեր է խաղացել «ապստամբների զարմանալի հաղթանակում»։ Գործողությունը ծավալվել է այն բռնի ավերածությունների արտասովոր բացակայությամբ, որը բնորոշ էր սիրիական արշավներին վերջին 13 տարիների ընթացքում: Թուրքիան տրամադրել է հետախուզություն, ուղղորդել է և հովանավորել քաղաքականապես:
Պարբերականը գրել է, որ Թուրքիայի հավակնությունները տարածվում են Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս՝ հասնելով Աֆրիկային, Կովկասին և Կենտրոնական Ասիային: Սիրիայում ապստամբների հաղթանակից չորս օր անց Էրդողանը հաջողությամբ միջնորդել է Սոմալիի և Եթովպիայի՝ Թուրքիայի երկու մերձավոր դաշնակիցների միջև գործարքի կնքմանը՝ տարածքային վեճերի պատճառով լարվածությունը թուլացնելու նպատակով։ Թուրքիայի խորը ներգրավվածությունը Լիբիայում, ներառյալ ռազմական աջակցությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը, նաև ապահովում է նրա ազդեցությունը Միջերկրական ծովի էներգետիկ դինամիկայի վրա և նրան դիրքավորում է որպես հիմնական ուժային միջնորդ Հյուսիսային Աֆրիկայում:
Անկարայի դերը Աֆղանստանում նույնպես աճել է վերջին տարիներին, որտեղ նա կապեր է մշակել թալիբների հետ 2021 թվականին՝ իշխանության վերադարձից հետո: Բացի այդ՝ Թուրքիան ամրապնդել է իր ներկայությունը Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային սահմանի մոտ՝ ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով Բաքվին 2020 թվականին Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ՝ դիրքավորվելով որպես Կովկասում առանցքային դերակատար:
«Գալիք տարիներին տարածաշրջանի իշխանության համար պայքարն այլևս չի պտտվի Իրանի հավակնությունների ստվերի, այլ Թուրքիայի ամբիցիաների շուրջ: Թե՛ մրցակիցների, թե՛ դաշնակիցների համար հարցն այլևս այն չէ, թե արդյո՞ք Թուրքիան կգերիշխի տարածաշրջանում, այլ այն, թե ինչպե՞ս», – գրել է The Guardian-ը: