21 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՖՖ-ն քանդում է հայկական ֆուտբոլը.Արթուր Սողոմոնյան

ՀՖՖ-ն քանդում է հայկական ֆուտբոլը.Արթուր Սողոմոնյան

Հայաստանի բազմակի չեմպիոն Փյունիկի սեփականատերը հեռանում է թիմից։ Պատճառը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած խնդիրներն են, որոնք վերածվել են առճակատման։ Գործարարի համբերության բաժակը լցվել է, ինչի մասին խոսել է Sputnik Armenia-ի թղթակիցների հետ։

– Պարոն Սողոմոնյան, Դուք հեռանում եք «Փյունիկից», ո՞վ է լինելու նոր սեփականատերը։

– Ես վաղուց էի նշել, որ եթե ՀՖՖ-ում չփոխվեն ղեկավարները, հեռանալու եմ։ Այլևս հնարավոր չէ աշխատել նրանց հետ։ Արդեն իմ ներկայությունը վնաս է տալիս «Փյունիկին», ու ինձ վատություն անելու պատճառով ՀՖՖ-ն վնաս է տալիս ակումբին, մարզիչներին, ֆուտբոլիստներին։ Հիմա ես բանակցություններ եմ վարում հնարավոր նոր սեփականատիրոջ հետ, հուսով եմ` մինչև 2025 թվականը մենք արդեն կհայտարարենք նոր սեփականատիրոջ մասին։ Իսկ ահա մանկապատանեկան ֆուտբոլից ես չեմ պատրաստվում հեռանալ։ Հայաստանում տաղանդավոր շատ երեխաներ կան։ Ես իմ աչքով եմ տեսել թե ինչքան ընդունակ ու տաղանդավոր երեխաներ կան, ու այդ երեխաների համար ամեն ինչ անելու եմ, որպեսզի նրանք զարգանան որպես մարդ, և որպես ֆուտբոլիստ։ Ես ուղղակի չեմ ուզում ֆեդերացիայի հետ ոչ մի գործ ունենալ։ Հայկական ֆուտբոլում այնքան բացասական երևույթներ են տեղի ունենում, որ ես ապշած եմ։ Թվում է, թե սրանից ավելի վատ հնարավոր չէ, որ ինչ–որ բան լինի, բայց ամեն անգամ նոր ձախողումներում ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը պարզապես սպանում է ֆուտբոլը Հայաստանում։

– ՀՖՖ ֆեդերացիան Ձեզ որակազրկել է մեկ տարով, կասե՞ք` ինչի համար։

-Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը իմ համար գլխավոր նպատակ է։ Ու այս տարի մեր ակումբի դեմ ագրեսիան շարունակվեց նաև այդ ուղղությամբ։ «Նոան» սկսեց հավաքագրել իր ակադեմիան, ու մեր երեխաներից ոմանք տեղափոխվեցին այդ ակումբ։ Այն օրենքը, ըստ որի` փոխհատուցում է հատկացվում ակումբին, պատանի ֆուտբոլիստների համար շատ թույլ է։ Ես պատանի ֆուտբոլիստի վրա տարեկան ավելի մեծ գումարներ եմ ծախսում, քան ըստ ֆեդերացիայի օրենքի տասը տարվա համար փոխհատուցում է սահմանված։ Ես փորձեցի այս ամենի դեմն առնել, բայց ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց (ծիծաղում է)։ Շատ վտանգավոր է, երբ երեխան սկսում է հասկանալ, որ ով փող ունի, ամեն ինչ կարող է անել։ Ինձ ասել են, որ ավելի շատ գումար են տալիս պատանի ֆուտբոլիստներին, և այդ ամենը չար կատակ կարող է խաղալ պատանի ֆուտբոլիստի բնավորության ձևավորման համար։ ՀՖՖ-ն քանդում է հայկական ֆուտբոլը, այլ ձև չեմ կարող մեկնաբանել իրենց քայլերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։